Ես չեմ կարող Արցախի անունից բանակցել, քանի որ այնտեղի քաղաքացիներն ինձ վարչապետ չեն ընտրել. Փաշինյան
«Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ բանակցային գործընթացում ներկայացնում եմ և կարող եմ ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը, և չեմ կարող ներկայացնել Արցախի Հանրապետությունն այն պարզ պատճառով, որ այնտեղի քաղաքացիներն ինձ վարչապետ չեն ընտրել»,- այս մասին այսօր Մոսկվայում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Դավոսում Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու հարցը:
Նրա խոսքով՝ Արցախի քաղաքացիներն ընտրում են իրենց նախագահին, ունեն իրենց կառավարությունը, իրենց խորհրդարանը. «Այս պատճառով ես չեմ կարող բանակցություներ վարել Լեռնային Ղարաբաղի անունից: Դա բոլորին է հասկանալի»:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բոլորին էլ հետաքրքրում են իր ու Ալիևի բանակցությունների մանրամասները, սակայն էթիկապես անընդունելի է պատմել այն ամենի մասին, ինչի մասին խոսվել է:
«Հասկանալի է, որ լրագրողների, քաղաքացիների համար հետաքրքիր է բոլոր դետալներով իմանալ, թե ինչի մասին էինք մենք խոսում, բայց էթիկական տեսանկյունից դա անընդունելի է, երբ դուրս են գալիս ու պատմում այն ամենի մասին, ինչի մասին խոսվել է։ Ընդհանուր առմամբ, բոլորդ գիտեք՝ ինչի մասին ենք խոսել։ Խոսակցությունն ընթանում էր այն շրջանակներում, որոնք համապատասխանում են իմ հրապարակային հայտարարություններին», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով Ադրբեջանի հետ պաշտոնական բանակցությունների մեկնարկին՝ վարչապետը նշեց, որ երկու երկրների արտաքին գործերի նախարարները հանդիպում են, աշխատում են այդ ուղղությամբ. «Դեռևս ոչ մի հստակ բան չկա»։