«Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն»-ի տնօրենին ու ևս երկու անձի մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեղադրանք է առաջադրվել երեք անձի:
ՔԿ-ից տեղեկացնում են, որ 2018 թվականի հուլիսի 23-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ-ից ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին են ստացվել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից ՀՀ ոստիկանության պետին հասցեագրված գրության հիման վրա նախապատրաստված նյութերն այն մասին, որ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացված աուդիտորական ուսումնասիրության արդյունքում ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձ հանդիսացող նախկին աշխատակիցների կողմից կատարվել են մի շարք չարաշահումներ:
Քննությամբ պարզվել է, որ հիշյալ չարաշահումները կատարվել են 2014-2018թթ. ընկած ժամանակահատվածում:
ՊՈԱԿ-ի տնօրենը հանձնաժողովի անդամների մի մասին հրահանգել է գնումների բաժնի աշխատակիցների կողմից ներկայացվող փաստաթղթերը անվերապահորեն ստորագրել` հակառակ դեպքում սպառնալով ազատել աշխատանքից, իսկ մյուս մասին` այդ փաստաթղթերն ընդհանրապես նրա ցուցումով չեն ներկայացվել:
Նախնական քննության տվյալներով՝ մրցույթի արդյունքների հիման վրա Հասարակական կազմակերպության և Կենտրոնի միջև 2015 և 2016 թվականներին կնքվել են պետական գնման պայմանագրեր, որոնց առարկան եղել է Հասարակական կազմակերպության աշխատակիցների կողմից տուբերկուլյոզով հիվանդներին տնային պայմաններում բուժօգնություն տրամադրելը: 2015 թվականին կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա ՀԿ-ին փոխանցվել է 43.950.000 ՀՀ դրամ, իսկ 2016 թվականի ընթացքում կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 67.000.000 ՀՀ դրամ: Արդյունքում՝ ՊՈԱԿ-ի օրինական շահերին պատճառվել է ընդհանուր 110.950.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Մանրամասները՝ ՔԿ պաշտոնական կայքում։