Մարտի 1-ից առաջ ՀԱԿ-ը նշում է անհրաժեշտ քայլերը
Մարտիմեկյան ողբերգական իրադարձությունների տասնմեկերորդ տարելիցի կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսը տարածել է հայտարարություն։ Կոնգրեսը մասնավորապես նշում է մի քանի քայլեր, որոնք պետք է իրականացվեն խնդրի լուծման համար։
Հայատարարության մեջ մասնավորապես նշվում է.
«Խնդրի ամբողջական լուծման առումով անհրաժեշտ է և ժամանակն է, որպեսզի իշխանությունների նախաձեռնությամբ կատարվեն նաև հետևյալ քայլերը.
1. Հիմք ընդունելով ՄԻԵԴ կողմից կայացված և արդեն իսկ ուժի մեջ մտած վճիռները՝
- Վերաբացել և կրկին քննել մարտիմեկյան իրադարձություններին առնչվող, այդ թվում՝ 2008թ-ի նախագահական ընտրությունների շրջանում և մարտի մեկի սպանդից հետո հարուցված բոլոր քրեական գործերը:
- Պատասխանատվության կանչել Մարտի 1-ի գործով իրավապահ եւ դատական մարմինների այն պաշտոնյաներին, ովքեր կատարել են հանցագործություններ արդարադատության դեմ, ինչի արդյունքում հարյուրավոր անմեղ մարդիկ ապօրինաբար ենթարկվել են քրեական հետապնդման եւ պատիժների։
2. Մարտի 1-ի իրադարձություններին առնչվող այլ գործերով (այդ թվում` հետապնդումների, հալածանքների և բռնաճնշումների ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության համար օրենքով սահմանված բողոքարկումների վաղեմության ժամկետը լրացած լինելու դեպքերում) կիրառել անցումային արդարադատություն, որպեսզի`
- Վերականգնվեն մարտիմեկյան ոճրագործության հետևանքով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների զանգվածային ոտնահարումից տուժած բոլոր քաղաքացիների իրավունքները, ովքեր պետք է ստանան նաև փոխհատուցում՝ կրած բարոյական եւ նյութական վնասների համար։
- Հայտնաբերվեն և պատասխանատվության կանչվեն մարտիմեկյան իրադարձությունների ընթացքում անկարգություններ հրահրելու նպատակով ձևավորված հանցավոր խմբերի կազմակերպիչներն ու կատարողները։
3. Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 168-րդ և 169-րդ հոդվածներով սահմանված լիազորությունները, կառավարության նախաձեռնությամբ դիմել ՀՀ Սահմանադրական դատարան` «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» Ռոբերտ Քոչարյանի 01.03.2008թ. հրամանագիրը հակասահմանադրական ճանաչելու նպատակով:
4. Օրենքով մարտի մեկը սահմանել որպես «2008թ-ի մարտի 1-ի զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության և բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր»՝ կազմակերպելով նաև հիշատակի օրվան նվիրված հրապարակային զանգվածային միջոցառումներ։
5. Փոխհատուցումներ տրամադրել մարտիմեկյան իրադարձությունների բոլոր զոհերի իրավահաջորդներին և մարմնական վնասվածքներ ստացած անձանց։
6. Մյասնիկյանի արձանին հարող տարածքում տեղադրել իրադարձությունները հիշատակող և ոճրագործության զոհերին նվիրված հուշարձան»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան