ՊԵԿ-ը քաղաքացիներին կոչ է անում դադարեցնել բողոքի ակցիան
Պետական եկամուտների կոմիտեն Բագրատաշենի մաքսակետում շարունակվող բողոքի մասնակիցներին կոչ է անում ապրանք ներմուծելիս հետևել օրենսդրությամբ սահմանված կանոներին, հստակ տարբերակել բիզնես նպատակն անձնական օգտագործման նպատակից:
ՊԵԿ տարածած պարզաբանման մեջ ասված է. «Կոմիտեն ևս մեկ անգամ հիշեցնում է, որ 2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվել է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ: Փոփոխությունները նախատեսված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի` 2017թ. դեկտեմբերի 20-ի «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի վերաբերյալ» թիվ 107 որոշման մեջ ԵՏՀ 2018թ. նոյեմբերի 1-ի թիվ 91 որոշմամբ:
Պետական եկամուտների կոմիտեն ֆիզիկական անձանց դեռևս տարեվերջից պարբերաբար տեղեկացրել է նոր կարգավորման մասին, որի համաձայն` եթե ֆիզիկական անձինք ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծեն անձնական օգտագործման ապրանք, որի արժեքը չի գերազանցում 500 եվրոյին համարժեք գումարը, իսկ քաշը` 25 կիլոգրամը, ապա որեւէ գանձում չի կատարվի: Չափաքանակները գերազանցելու դեպքում կիրառվելու է մաքսատուրքերի եւ հարկերի միասնական դրույքաչափ, այսինքն` ապրանքների արժեքի նկատմամբ 30%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 1 կիլոգրամի համար 4 եվրոյին համարժեք գումար նշված արժեքը կամ կշիռը գերազանցող մասի համար: ՊԵԿ-ն ընդգծում է՝ ոչ մեկ իրավունք չունի արտոնյալ պայմաններով ապրանք ներկրել. արտոնությունը վերաբերում է միայն մինչև 25կգ անձնական օգտագործման ապրանքների ներմուծմանը և նախատեսված չէ անօրինական բիզնես նպատակներով առևտրային շրջանառության մեջ ապրանքներ մտցնելու համար, քանի որ այդ դեպքում տուժում է մի կողմից շուկան, մյուս կողմից վնաս է հասցվում այն տնտեսվարողներին, ովքեր օրինական ճանապարհով են ապրանք ներմուծում` վճարելով հարկերը:
Բագրատաշենի մաքսակետում ստեղծված իրավիճակը մաքսային ծառայությանը խոչընդոտում է պատշաճ և լիարժեք իրականցնել օրենքով վերապահված գործառույթները: Կոմիտեն ևս մեկ անգամ կոչ է անում քաղաքացիներին դադարեցնել բողոքի ակցիան և ներկրումներն իրականացնել բացառապես օրենքի շրջանակում»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան