Ռուբեն Մելիքյանը՝ բանտում լրագրողի մահվան մասին. Սա լրջագույն ահազանգ է
Արդարադատության նախկին փոխնախարար, Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը նոր է տեղեկացել ՔԿՀ-ում Մհեր Եղիազարյանի մահվան մասին։
Հիշեցնենք, կալանավորված Եղիազարյանը հացադուլ էր հայտարարել դեկտեմբերի 5-ից։ Նա Haynews.am լրատվական կայքի պատասխանատուն էր։
«Ես հենց նոր դեպքի մասին տեղեկացա, անկեղծ ասած, շոկային վիճակի մեջ եմ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց նա։
Մելիքյանը դեպքը որակում է խայտառակ՝ մարդու իրավունքների տեսակետից։ Նա ընդգծում է՝ պետական մարմինները պետք է հանրությանը հրատապ կերպով շատ հստակ պատասխաններ տան մի քանի հարցերի վերաբերյալ։
«Հանրությունը տեղեկացված չէր հացադուլի մասին, ինչո՞ւ։ Կարծում եմ, հանրությանը պետք է հրատապ տեղեկացնեն նաև այն մասին, թե ինչ գործողություններ է կատարել պետությունը՝ ապահովելու անձի կյանքի իրավունքը։ Նման ծայրահեղ քայլի անձը գնացել է կոնկրետ քրեական հետապնդման շրջանակներում, որը ընդամենը քրեական հետապնդում է, անձը անմեղ է անմեղության կանխավարկածի շրջանակում։ Պետք է շատ հստակ հանրությունը տեղեկացվի, որքանով է հիմնավոր թե կալանավորումը, թե առհասարակ քրեական հետապնդում իրականացնելը։ Սա կարծում եմ, մարդու իրավունքներին վերաբերող ամենակարևոր խնդիրն է, որ մենք ոչ միայն 2019-ին, այլև վերջին տարիներին ունեցել ենք»,-նշեց Մելիքյանը։
Փաստաբանի խոսքով, նման խայտառակ դեպք, իր բոլոր դրսևորումներով մենք ուղղակի չենք ունեցել։
«Սա լրջագույն ահազանգ է իրավապաշտպան հանրության գործառնականության, ֆունկցիոնալության տեսանկյունից»,-ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ 2018-ի դեկտեմբերի 4-ին ԱԱԾ-ն հայտարարել էր՝ բացահայտվել է կաշառք տալու պատրվակով, առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք. «Պարզվել է, որ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը, խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2014թ. փետրվարից մինչև 2018թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, անձամբ, կամ միջնորդների միջոցով, չարաշահելով ՀՀ մի շարք քաղաքացիների, այդ թվում առանձին զինծառայողների վստահությունը տարաբնույթ հարցեր լուծելու համար, կաշառք տալու պատրվակով նրանցից պահանջել, ստացել և առանց որևէ գործողություն կատարելու խարդախությամբ հափշտակել է 180 հազար դրամից մինչև առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 մլն 775 հազար ՀՀ դրամ»։
Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 5-ին լրատվական կայքի պատասխանատուն հայտարարել էր հացադուլ.«Իմ հանդեպ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքին չվստահելու և քննությունը ուշացված տանելու նպատակով հրաժարվում եմ շարունակել մասնակցություն ունենալ այդ գործընթացին, ուստի հայտարարում եմ.-դեկտեմբերի 5-ին, ժամը 9.00-ից հայտարարում եմ հացադուլ՝ ՀՀ ԱԱԾ ՏԱ ԺՊՎ գտնվող խցում.-կմասնակցեմ սույն գործով դատական նիստին»։
Հարակից հրապարակումներ`
- «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորի մահվան փաստով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն
- Ձերբակալվել է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին