Ջավախքում առանձին թեմ ձևավորելու հարցում որոշողը տեղի ժողովուրդն է
Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի «Երեք կարևոր քայլ ընդդեմ Ջավախքի թուրքացման» հրապարակած ուսումնասիրության մեջ բարձրացվում է Սամցխե-Ջավախքում Հայ Առաքելական եկեղեցու առանձին թեմ ձևավորելու հարցը։ Հեղինակ Էդուարդ Այվազյանը նշում է, որ առանձին թեմի ձևավորումը չափազանց մեծ նշանակություն ու ազդեցություն կունենա Ջավախքի հոգևոր զարգացման վրա, ինչպես նաև մարդկանց ավելի մոտ կպահի սեփական մշակույթին ու ավանդույթներին:
Panorama.am-ը դիմեց Վիրահայոց թեմին՝ արդյո՞ք երբևէ Սամցխե-Ջավախքում առանձին թեմ ձևավերելու հարց քննարկվել է, արդյո՞ք կա նման պահանջ։ Վիրահայոց թեմի մամլո խոսնակ Սուսաննա Խաչատրյանն ասաց, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, 2001 թվականից ի վեր Սամցխե Ջավախքում և Ծալկայում գործում է ընդհանուր առաջնորդական փոխանորդություն, որը Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և այդ օրերի առաջնորդական փոխանորդ հոգեշնոր Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի կողմից գրանցվեց Վրաստանի Պետական Ռեեստրում և դարձավ իրավաբանական անձ: Նա տեղեկացրեց, որ այսօր առաջնորդական ընդհանուր փոխանորդությունում ծառայում են 10 քահանաներ և երեք սարկավագներ, բոլոր համայնքները ընդգրկված են հոգևոր հովվություններում, որոնք, հակառակ բոլոր դժվարություններին, գտնվում են հոգևոր խնամքի ներքո: Թեմի գործող 60 եկեղեցիներից 48-ը գտնվում է Ջավախքի փոխառաջնորդությունում, գործում են երեք մշակութային կենտրոններ Ախալցիխեում, Նինոծմինդայում և Ախալքալաքում, ծրագրվում է մշակութային կենտրոն բացել նաև Ծալկայում:
Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական կենտրոնը գտնվում է Ախալքալաքում, այն ունի առանձին հաշվապահություն և այն հիմնական կառույցները, որոնք անհրաժեշտ են փոխանորդության գործառույթների իրականացման համար:
«Մինչև որ Մայր Աթոռի կողմից առաջնորդական փոխանորդ կնշանակվի, Թեմի առաջնորդ Վազգեն Սրբազանը հաճախակի է լինում փոխառաջնորդությունում, մատուցում է Սուրբ Պատարագներ, այցելում գյուղեր, մշակույթի կենտրոններ: Փոխառաջնորդությունը սերտորեն համագործակցում է նաև տեղական ինքնակառավարման մարմինների, տարածաշրջանում գործող այլ երիտասարդական և մշակութային հաստատությունների հետ»,- ասաց Սուսաննա Խաչատրյանը:
Ինչ վերաբերում է առանձին Թեմ լինելու հարցին, նա պատասխանեց. «Այդ հարցը պետք է որոշի տեղի ժողովուրդը, քանի որ այսօր էլ փոխառաջնորդությունը գործում է ինքնավար: Թեմի առաջնորդարանը որևէ միջամտություն չի դրսևորում սույն հարցի հետ կապված և եթե առաջանա առանձին թեմ լինելու հարցը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը իր դիրքորոշումը կարտահայտի:
Սակայն, այդուհանդերձ ցականում ենք ասել, որ անկախ կարգավիճակից, հոգևոր մշակութային կյանքը զարգանում է տեղում և չկա որևէ խոչընդոտ, որը կարող է կասեցնել այդ ընթացքը, քանի որ Վիրահայոց թեմի առաջնորդարանը անում է ամեն ինչ փոխանորդության առաքելությունը լիարժեք իրականացնելու համար»:
Հարակից հրապարակումներ`
- Ջավախքը հույսեր է կապում
- Վերանորոգվել է Ջավախքի Կուլիկամ գյուղի Սբ. Երրորդություն եկեղեցին
- Վիրահայոց թեմի առաջնորդ․ Ջավախքի դպրոցներում ուսուցիչների պակաս կա
- Տեր Բաբգէնի ազատումը պաշտոնից ոչ մի կապ չունի Գումբուրդոյի դեպքերի հետ. Վիրահայոց թեմի առաջնորդ
- Ջավախքի հոգևոր առաջնորդն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
- Վիրահայոց թեմի վարդապետը կարգալույծ է հռչակվել
- Վիրահայոց թեմը մասնակցել է Վրաստանում Հռոմի պապին նվիրված միջոցառումներին
- Վրացահայ համայնքի գրեթե մեկ երրորդը հանդիսանում է ցեղասպանության զոհերի ժառանգ. Վիրահայոց թեմ
- Վիրահայոց թեմի առաջնորդը խնդրանք է փոխանցել Համայն Վրաստանի կաթողիկոսին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան