Հոլոքոստի հիշատակման օրն է․ արդյո՞ք այն մոռացվում է
Այսօր՝ հունվարի 27-ին աշխարհի տարբեր երկրներում հարյուրավոր մարդիկ հիշատակում են Հոլոքոստի օրը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իրականացված ցեղասպանություն, որի շրջանակներում Նացիստական Գերմանիայի և իր դաշնակիցների կողմից համակարգված կերպով ոչնչացվել են շուրջ վեց միլիոն եվրոպացի հրեաներ՝ Եվրոպայի հրեա բնակչության մոտավորապես երկու երրորդը՝ 1941 թվականից մինչև 1945 թվականն ընկած ժամանակահատվածում։
Հոլոքոստը վերապրածները, քաղաքական գործիչներն ու հասարակության անդամները կհիշեն Հոլոքոստի 6մլն զոհերին՝ միևնույն ժամանակ Ռուանդայի ցեղասպանության 25-րդ ու Կամբոջայի ցեղասպանության ավարտի 40-րդ տարին։ Այս մասին գրում է BBC-ն, սակայն չի հիշատակում Հայոց ցեղասպանությունը, որը համարվում է մարդկության պատմության մեջ առաջին ցեղասպանությունը։
Սակայն, ինչպես գրում է CNN-ը, Հոլոքոստի ժխտողականությունն ու ցածր տեղեկացվածության մակարդակը բարձր է, անգամ անհանգստացնող։ CNN-ի կատարած հարցման արդյունքում պարզվել է, որ 20 եվրոպացիներից մեկը երբեք չի լսել Հոլոքոստի մասին՝ չնայած տեղի ունեցածից անցել է 75 տարուց էլ քիչ ժամանակ, երբ ավարտվեց Երկրոդ համաշխարհային պատերազմն ու ներկայումս էլ դեռ կենդանի են Հոլոքոստը վերապրածները։ 8 տոկոսն էլ նշում է, որ ցեղասպանությունը չափազանցված է։ Հարցվածների մոտ կեսը չի իմացել, թե որքան հրեա է սպանվել Հոլոքոստի ընթացքում։ 5-ից մեկն էլ կարծում է, որ սպանվածների թիվը մեծապես գերագնահատված է՝ նշելով, որ սպանվել է 2մլն-ից էլ պակաս հրեա։ Եվրոպացիների մեկ երրորդը նշել է, որ հրեաները օգտագործում են Հոլոքոստը, սեփական դիրքերը կամ նպատակները առաջ տանելու համար:
Հարցումն անցկացրել է Եվրոպայի 7 երկրներում՝ Ավստրիա, Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Հունգարիա, Լեհաստան և Շվեդիա, յուրաքանչյուր երկրում հարցմանը մասնակցել է մոտ 1000 մարդ։
Հոլոքոստը վերապրած Սթիվեն Ֆրենքը, ով Չեխոսլովակիայի Թերեզին համակենտրոնացման ճամբարից փրկված 93 երեխաներից մեկն է եղել՝ իր 2 եղբայրների հետ միասին, հարցման արդյունքներն ուղղակի «սարսափելի մտահոգիչ» է համարում։
Ֆրենքը նշում է, որ այս հարցում շատ կարևոր է կրթությունը․«Եթե մենք անտեսենք անցյալը, վախենում եմ, որ պատմությունը կարող է կրկնվել»։
Թերևս այո, ինչպես ասել էր հրեաների հանդեպ ցեղասպանությունն իրականացրած Ադոլֆ Հիտլերը․ «ով է, ի վերջո, հիշում հայերի ոչնչացման մասին»։ Ինչպես հաճախ ասում են, Հոլոքոստ չէր լինի, եթե աշխարհը ժամանակին ճանաչեր Հայոց ցեղասպանությունը։
Հիշեցնենք, որ հունվարի 27-ը նշվում է որպես Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օր: Օրը հիմնվել է 2005 թ. նոյեմբերի 1-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի թիվ 60/7 բանաձևով: Գերմանիայի կառավարությունն ընդունել է սեփական մեղքն ու ներողություն է խնդրել հրեա ժողովրդից:
Նշենք նաև, որ 2015թ․-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում, ՄԱԿ-ում Հայաստանի նախաձեռնությամբ որոշում կայացվեց դեկտեմբերի 9-ը հռչակել ոչրպես ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր։
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան