Արմեն Սարգսյան. Բանակի ծնունդը կարելի է նմանեցնել Վահագնի ծննդի հետ
«Այն, ինչ այսօր զգում ենք այս մեծ տոնի առթիվ, առաջին հերթին հպարտությունն է։ Հպարտությունը մեր անվտանգությունն ու խաղաղությունը պաշտպանող բանակի հանդեպ»,-ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ Հայոց Բանակի տոնի առթիվ զինծառայողների պարգևատրման միջոցառման ժամանակ։
Երկրի ղեկավարը նշեց՝ բանակի ծնունդը պարզ չի եղել։
«Կարծում եմ՝ բանակի ծնունդը կարելի է նմանեցնել Վահագնի ծննդի հետ։ Հայկական բանակը ծնվեց երկունքի միջոցով, բարդ ու ծանր ժամանակներում, ծնվեց կրակից, անհրաժեշտաբար։ Եվ ինչպես Վահագը, նա նույնպես պայքարեց հանուն ազատության, հայրենիքի և հաղթանակի։ Մեր բանակը նվիրյալ կամավորի, պրոֆեսիոնալ զինվորի, շարքայինի ու հրամանատարի, պետական ու քաղաքական գործչի, մտավորականի ու աշխատավորի, հայաստանցու, արցախցու ու սփյուռքհայի համատեղ ջանքի, ոգու և կամքի արդյունք է։ Կարճ ժամանակում նա դարձավ ամենակազմակերպված ու ամենամարտունակ բանակը տարածաշրջանում, և մենք ունեցանք բազում և մեծ հաղթանակներ ու լեգենդար հերոսներ»,-ասաց ՀՀ նախագահը։
Նա երախտագիտություն հայտնեց Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում բոլոր նրանց, ում շնորհիվ ստեղծվել, կայացել ու հզորացել է Հայոց բանակը։
«Խոնարհվում եմ այն մարդկանց հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հայրենիքին, երկրին, մեր ժողովրդին և բանակին»,-ասաց նա։
ՀՀ նախագահի խոսքով, ժամանակակից բանակը՝ որպես դպրոց, ինչ-որ իմաստով համալսարան, պետք է դաստիարակի քաղաքացուն, կյանքի ուղեգիր տա նրանց։
«Անկախ ծառայության տեսակից, տարիքից, զինծառայողը բանակում հմտություն ու փորձ է ձեռք բերում, դառնում ավելի կազմակերպված ու ավելի կարգապահ մարդ։ Նա բանակի միջոցով նաև իր առաջին սեփական շփումն է ունենանում պետության հետ, շատ կարևոր է, որ այդ շփումը լինի ոգևորող, հույս ու հավատ ներշնչող»,-ասաց հանրապետության նախագահը։
Արմեն Սարգսյանը համաձայնեց՝ բանակը հասարակության հայելին է, և եթե հասարակության մեջ քայլեր են ձեռնարկվում բացասական երևույթների վերացման, նրանց բացառման համար, ապա այն իր արտացոլումը պետք է գտնի նախ և առաջ բանակում։
«Բանակը պետք է լինի անբիծ ու անբասիր, իսկ բանակում ծառայելը՝ ոչ միայն պարտականություն, այլև՝ մեծ պատիվ»,-ասավ նա՝ շնորհակալություն հայտնելով կառավարությանն ու պաշտպանության նախարարությանն այս ուղղությամբ ձեռնարկած քայլերի համար։
ՀՀ նախագահն ընդգծեց՝ բանակը ոչ միայն երկրի անվտանգության ու խաղաղության երաշխավորն է, այլև երկրի տնտեսության անբաժանելի մասը:
«Ընդ որում, նա ոչ միայն սպառող, այլև ստեղծող, իր հետևից տանող կառույց է: Բանակն արդյունաբերության ու գիտության համար թե՛ պատվիրատու է, թե՛ նրանց առաջընթացի մասնակից:
Ռազմարդյունաբերության ու գիտահետազոտական ոլորտի համար բանակն առաջադրում է խնդիրներ` ակնկալելով ժամանակակից ու նորարարական, նաև, հաճախ անսպասելի որոշումներ, որոնք պարտադիր չէ, որ լինեն արտատպումը կամ կրկնօրինակումն օտար լուծումների: Մենք ի վիճակի ենք խնդիրներին տալ մեր սեփական լուծումները:
Ռազմաարդյունաբերական շատ խնդիրների լուծումներ ժամանակի ընթացքում կիրառվում են քաղաքացիական կյանքում: Հետևաբար, բանակը խնդիր ունի մասնակցել ոչ միայն պաշտպանությանը, այլև երկրի տնտեսության զարգացմանը՝ սերտորեն համագործակցելով և՛ գիտական մարմինների, և՛ գործարար շրջանակների, և՛ բոլոր այն քաղաքացիների հետ, ովքեր ցանկություն ունեն իրենց ներդրումը բերել»,-իր ելույթում ասաց ՀՀ նախագահը։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան