Պայմանագրային ամբողջական ծառայության անցնելու պայմաններ այսօր առկա չեն. Դավիթ Տոնոյան
«Մենք բոլոր խնդիրները հաղթահարում ենք։ Հավատացեք մեզ, որ մենք անում ենք առավել քան հնարավոր է, առավել քան պատկերացնում ենք, մենք զինված ուժերի մարտունակությունը պատշաճ մակարդակում ենք պահելու»,-Եռաբլուրում լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Նա նշեց, որ Զինված ուժերը մեծաքանակ է, իրենք ստիպված են պահելու այն՝ ունենալով համապատասխան մարտահրավերներ, որոնք որ շարունակական են։
«Մենք պետք է ունենանք միջազգային չափանիշներին համապատասխան բանակ։ Մենք շարունակելու ենք բարելավել, ստեղծել և ժամկետային պարտադիր ծառայության, և պայմանագրային ծառայության փոխլրացնող համակարգը։ Այլ տարբերակ չունենք»,-ասաց նախարարը։
Դ. Տոնոյանն ընդգծեց, որ պայմանագրային ամբողջական ծառայության անցնելու պայմաններ այսօր առկա չեն:
Նախարարը տոնի առիթով զինվորներին մաղթեց՝ լավ տրամադրություն, զգոնությունը չկորցնել, հանդարտ հոգով և անսասան հավատով շարժվեն առաջ։
Նշենք, որ Հայոց բանակի 27-րդ տարեդարձի առիթով երկրի բարձրագույն ղեկավարությունն այցելել է Եռաբլուր։