Վահագն Այվազյան. «Աղոթում եմ և դուրս եմ գալիս խաղադաշտ»
«Բանանցի» պաշտպան Վահագն Այվազյանն ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում խոսել է նախապատրաստական շրջանի, մարզումների, ակնկալիքների և մի շարք այլ հարցերի շուրջ: Ֆուտբոլիստը նշել է, որ մարզումային պրոցեսն ընթանում է նախատեսվածի համաձայն:
«Շատ լավ մարզումներ ենք անցկացնում, ծանրաբեռնված` և՛ հաճելի, և՛ դժվար։ Անթալիայի նախապատրաստական փուլը խաղեր կլինեն հիմնականում, կփորձենք մեր ձեռագիրն ավելի լավացնել և պատրաստվել առաջնությանը։ «Բանանցն» իր առջև միշտ դնում է բարձր նպատակներ, և փորձում է հասնել դրանց: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի հաղթենք յուրաքանչյուր խաղում և պայքարելու ենք չեմպիոնության համար։
Լեգեոներներին շատ ջերմ ենք ընդունել, ինչպես գիտենք, ֆուտբոլում շատ կարևոր է, որ թիմում լինի ընկերասիրություն, համերաշխություն, որպեսզի թիմը խաղադաշտում ավելի լավ գործի, իսկ դա գալիս է հենց հանդերձարանից, իսկ հանդերձարանում մենք ամեն ինչ անում ենք, որ մթնոլորտը ջերմ լինի։ Ընտանիքիս անդամները գալիս են ինձ աջակցելու, կինս էր առաջ շատ հաճախ գալիս, բայց հիմա ինչ-ինչ պատճառներով չի կարողանում գալ։
Ֆուտբոլում իմ ամենամեծ հաջողությունը համարում եմ չեմպիոնությունը, ես իմ կարիերայի ընթացքում Հայաստանի չեմպիոն եմ դարձել «Բանանցի» հետ։ Ամենամեծ նվաճումը դա է եղել մինչև օրս։ Խաղերից առաջ միշտ տրամադրվում եմ մարտական, մտածում եմ գործողություններիս մասին։ Թալիսման չկա, աղոթում եմ միշտ և դուրս եմ գալիս խաղադաշտ։ Շատ վաղուց 8 համարի ներքո եմ հանդես եկել, բայց հետո 8 համարով հաջող չստացվեց, փորձեցի 18: Հենց այդ ժամանակվանից էլ մնաց, ինչ-որ հատուկ բան չկա 18-ի մեջ։
Կար ֆուտբոլիստ, ում խաղից ոգեշնչվում էի, բայց հիմա ավարտել է ֆուտբոլային կարիերան: Խոսքը Ֆրանչեսկո Տոտիի մասին է, նա լեգենդ է ինձ համար և շատ բաներ ունեմ նրանից սովորելու։ Մանուկ հասակում չեմ զբաղվել ֆուտբոլով, արդեն հասուն տարիքում եմ սկսել, բայց միշտ սիրել եմ «Ռեալ Մադրիդը», ինչ ֆուտբոլից պատկերացում ունեմ, երևի «Ռեալում» կցանկանայի խաղալ։ Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, ըստ իս, վերջին տարիներին Քրիշտիանու Ռոնալդուն է։
Ամենահիշարժան խաղը «Բանանցի» կազմում եղել է մեր չեմպիոնության տարին, վերջին հանդիպումը «Բանանց» մարզադաշտում, այդ խաղում արդեն պարզ էր, որ չեմպիոն ենք դարձել, բայց շատ լավ խաղ ստացվեց, շատ գեղեցիկ գոլի հեղինակ դարձա։ Հիմա մտածում եմ միայն ֆուտբոլ խաղալու և ավելի մեծ հաջողությունների հասնելու մասին, բայց մեր մասնագիտությունն այնպես է, որ հավանական է մարզիչ դառնալը, և եթե կարողանանք լավ մարզիչ դառնալ ու օգուտ տալ հայկական ֆուտբոլին, ինչու ոչ»,- ասել է Այվազյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան