Քոչարյանի գրքի արցախյան շնորհանդեսը
Ստեփանակերտում տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի ինքնակենսագրական «Կյանք և ազատություն» գրքի առաջին շնորհանդեսը։ Ներկա էին Արցախի Հանրապետության կառավարության և խորհրդարանի ներկայացուցիչներ, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ռոբերտ Քոչարյանի զինակից ընկերները, Քոչարյան ընտանիքի մտերիմեր և բարեկամներ։ Հայտնում է Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքը։
«Մենք այսօր, ըստ նախապես ծրագրված ժամանակացույցի, իրականացնում ենք «Կյանք և ազատություն» գրքի առաջին շնորհանդեսը։ Քանի որ գիրքը սկսվում է Ռոբերտի՝ Արցախում անցած մանկության ու մեր անցած ճանապարհի պատմությամբ, մենք որոշել էինք առաջինն այն ներկայացնել հենց Արցախի հանրությանը։ Այստեղ այս գրքով յուրաքանչյուրն իր անցած ուղու մի մասնիկը կտեսնի, քննության կառնի կյանքի և ազատության այն գինը, որ վճարել է հայ ժողովուրդը՝ Արցախի, Հայաստանի և ողջ հայության հարատեւման համար»,- նշել է Բելլա Քոչարյանը և հավելել․ «Անկախ նրանից, որ Ռոբերտն այսօր անձամբ չի իրականացնում շնորհանդեսն ու ինքնագիր թողնում գրքերի վրա, գիրքն արդեն ներկայացրել է նրա ասելիքը։ Գիրքն արդեն ապրում է իր կյանքով»։
Գրքի բովանդակությունը հիմնված Ռոբերտ Քոչարյանի կենսագրական փաստերի վրա։ Հեղինակը ներկայացրել է հասարակությանը քիչ հայտնի փաստեր ինչպես իր մանկությունից, այնպես էլ քաղաքական ուղուց՝ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում, թե՛ հետնախագահական ժամանակահատվածի վերաբերյալ։
«Գրքի վրա աշխատանքն անձի ու պատմական իրադարձությունների բացահայտման մի անվերջանալի ճանապարհ էր հիշեցնում։ Երեք տարի տեւած աշխատանքի արդյունքում ես տեսա Ռոբերտ Սեդրակովիչ անհատի բազմակողմանիությունը»,- նշել է գրքի խմբագիր Իրինա Աբրամովան։