Բանակն ու Բանակի տոնը. գնահատում են Ապրիլյանի տղաները
Այսօր Հայոց բանակի ծնունդն է՝ 27-ամյակը: Մենք կարող ենք վստահ ասել՝ 27 տարեկան հայկական բանակն այսօր ավելի ուժեղ է, քան երբեք:
Բանակի կայացման գործում իր լուման է ներդրել յուրաքանչյուր զինվոր` շարքայինից մինչև բարձրաստիճան սպա:
Այսօր բոլորն էլ հպարտությամբ են հիշում բանակում ծառայելու տարիները: Panorama.am-ը զրուցել է հայկական բանակում զինվորական ծառայությունն անցկացրած տղաների հետ, որոնք մասնակցել են նաև ապրիլյան քառօրյա պատերազմին:
Գևորգ Մանուկյանը բանակից վերադարձել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Այսօր նրան Հայաստանում ու Արցախում ավելի շատ ճանաչում են որպես թշնամու ուղղաթիռը խոցած հերոսի:
Նրա խոսքով՝ բանակը շատ կարևոր է յուրաքանչյուր պետության համար:
«Հունվարի 28-ը մեր անկախ Հայաստանի ամենահիշարժան տոներից է: Այն յուրաքանչյուր հայի համար կարևոր դերակատարություն ունի»,- ասում է նա:
Գևորգը հաճախ է հանդիպում ծառայակից ընկերների հետ, հիշում են ծառայելու տարիները, ապրիլյան պատերազմի օրերը: «Ամենաշատը տպավորվել են ապրիլյան պատերազմի օրերը: Այդ օրերը երբեք չեմ կարող մոռանալ»:
Գևորգն իր ծառայության մեկ ու կես տարիներն անցկացրել է դիրքերում։ Դիրքեր է բարձրացել Եղնիկներ տեղափոխվելու հենց առաջին օրը և իջել դիրքերից զորացրվելու օրը։
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Գևորգն ու իր զինակից ընկերները մշտապես գտնվել են ինտենսիվ հրետակոծության տակ: Հակառակորդի մոտ 70 հոգանոց դիվերսիոն խմբին հաջողվում է մտնել գումարտակի տարածք։ Հայ դիրքապահներն ու գումարտակի զինվորները մարտի են բռնվել դիվերսիոն խմբի անդամների հետ և ծանր կորուստներ պատճառել նրանց։
Այդ ժամանակը Գևորգը բարձրացել է խրամատ, դիտարկում իրականացրել և նկատել ՄԻ-24 ուղղաթիռը, որը հրթիռներ է արձակել հայկական դիրքերի ուղղությամբ: Նա մի կողմ է դրել ինքնաձիգը ու 28 վայրկյանում մարտական պատրաստության է բերել «Իգլա» համակարգը և մոտ երեք կիլոմետրից խոցել ուղղաթիռը: Այսպիսով, Գևորգը փրկել է իր և ծառայակից ընկերների կյանքը:
Նրա խոսքով, այսօր բանակում շատ բան է փոխվել՝ սկսած մարտունակությունից մինչև միջանձային հարաբերություններ: «Եթե համեմատում եմ իմ ծառայելու տարիներն ու հիմա, իսկապես շատ բան է փոխվել, ապրիլյան պատերազմից մի քանի ամիս էր անցել, արդեն այդ փոփոխությունները նկատելի էին»,- նշում է նա:
Գևորգը շարունակում է ուսումը ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետում, ուսմանը զուգահեռ նաև աշխատում է ՀՀ Պաշտպանության նախարարությունում: Ծառայությունն ավարտելուց հետո ընդունել է զինվորական դառնալու առաջարկությունը:
Նրա ցանկությունն այսօր մեկն է՝ խաղաղ ծառայություն, բարի վերադարձ բոլոր զինվորներին. «Թող հայրենիքի սահմաններն ամուր պահեն ու անփորձանք վերադառնան իրենց օջախները»:
Ռաֆայել Կրպեյանն էլ ապրիլյան պատերազմական գործողությունների մասնակից է և բանակից վերադարձել է Մարտական խաչ 2-րդ աստիճանի մեդալով:
Թալիշում կռված ու թշնամու տանկերը խոցած Ռաֆայելը փոքր ժամանակ ոգեշնչվել է Արցախյան ազատամարտի հերոսներով, նրանց պատմությունով: Նրա վրա մեծ ազդեցություն է ունեցել հորեղբայրը՝ ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը:
«Թաթուլ Կրպեյանի մասին տարբեր պատմություններ լսելով եմ մեծացել: Ընտանեկան հավաքույթների ժամանակ, ցանկացած առիթի դեպքում մեր ընտանիքում միշտ խոսել են Թաթուլի մասին, նրա ընկերները հաճախ էին գալիս մեր տուն ու պատմում էին ազատամարտի տարիների մասին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասում է Ռաֆայել Կրպեյանը:
Ապրիլյան պատերազմի օրերին էլ նա հաճախ է հիշել հորեղբորը. «Այդ օրերին մտածում էի՝ հաճախ եմ երեխա ժամանակ փորձել պատկերացնել, թե ոնց են հորեղբայրս, նրա ընկերները կռվել, ու փաստորեն, ես էլ ինչ-որ չափով անցա դրա միջով»,- նշում է նա:
Ռաֆայելը ծառայությունը սկսել է Արմավիրի ուսումնական զորամասում, որտեղ 6 ամիս անցկացնելուց հետո ստացել է տանկիստի որակավորում: Հետո ծառայությունը շարունակել է Արցախում՝ Մարտակերտում: Ապրիլյան պատերազմի օրերին տանկի հրամանատար Կրպեյանը, մեխանիկ վարորդ Գևորգ Խաչատրյանն ու նշանառու օպերատոր Սամվել Սահակյանը հակառակորդի տանկեր են խոցել: Այդ ժամանակ չէին էլ պատկերացնում, թե ինչ են արել, հետո են արդեն հասկացել են՝ առանց իրար այդքան բան անել չէին կարող:
Այօսր էլ երբ հանդիպում են մարտական ընկերներով, հիշում են ապրիլյան պատերազմի օրերը. «Բայց մեր հիշողություններում հիմնականում դրոշմվել են լավ օրերը»:
Նրա խոսքով՝ մինչև ծառայելը չէր պատկերացնում, թե իրականում հունվարի 28-ն ինչ տոն է, միայն բանակում է հասկացել բանակի, զինվորի և հայրենիքի կարևորությունը. «Հիմա պատկերացնում եմ մեր զինվորների ուրախությունը, ինչ հպարտությամբ են բանակի օրը նշում»:
Ռաֆայելի կրտսեր եղբայրը մի քանի օր առաջ է բանակ գնացել: Հոկտեմբերյանում վեց ամիս ծառայելուց հետո նա էլ կգնա Արցախ: Ռաֆայելը վստահ է, որ կրստեր եղբայրն էլ ավագ եղբայրների նման պատվով կծառայի:
Ապրիլյան տեսած Ռաֆայելը ցանկանում է, որ այլևս պատերազմ չլինի, բայց եթե լինի, պատրաստ են պաշտպանելու հայրենիքը. «Այսօր իմ մաղթանքը մեկն է՝ խաղաղություն լինի, մեր տղաներն էլ անփորձանք ծառայեն ու վերադառնան տուն: Ուզում եմ շնորհակալություն հայտնել դիրքերում կանգնած զինվորներին, բոլորիս ուշադրության կենտրոնում առաջին հերթին իրենք պետք է լինեն: Անփորձանք ծառայություն Ձեզ, տղերք»:
Հարակից հրապարակումներ`
- Խաղաղություն պարտադրողները՝ խաղաղության մաղթանքով
- Հերոսները մեր կողքին. կյանքը ինչպես որ կա՝ Տելման, Արգիշտի, Հրայր
- Ինձ համար ապրիլյան պատերազմն արցունքոտ հաղթանակ էր. Ժորա Աֆրիկյան
- Հերոսները մեր կողքին. Մոնթեի «դուխը» բոլորիս էր փոխանցվել
- Հերոսները մեր կողքին. Ուղղաթիռ խոցած Նարեկը 21 տարեկան է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին