Դատավորները նույնպես մարդիկ են և հնարավոր է որոշակի սոցիալական ազդեցությունների դաշտում են գտնվում. ԲԴԽ նախագահ
«Կոնկրետ Բարձրագույն դատական խորհուրդն ընդհանրապես բացառում է որևէ միջամտություն արդարադատությանը, և մենք մինչև հիմա բացարձակապես որևէ դատական գործով որևէ գործով նույնիսկ տեղեկատվական կոմունիկացիայի մեջ չենք մտնում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը՝ պատասխաբելով հարցին, թե վերջին շրջանում դատավորների նկատմամբ ճնշումների մասին քննարկումներ եղան, ի՞նչ կարող եք ասել այդ մասին։ Նա վստահ է, որ նման ձևով վերաբերմունք կա նաև քաղաքական իշխանության կողմից է։
«Բայց վերջին հաշվով, դատավորները նույնպես մարդիկ են, և նրանք, հնարավոր է, որոշակի սոցիալական ազդեցությունների դաշտում են գտնվում: Իրականության մեջ դատավարի անկախությունը միայն այսպես կոչված հեռախոսային անկախությունը չէ: Կա՞ն այն բոլոր նախադրյալները, որոնց պարագայում դատավորը կարող է լիարժեք անկախ գործել: Այդ պարագաները բազմաթիվ են: Մենք առանձնացրել ենք մոտ 32 առաջնահերթություն, որոնց համակարգային լուծման պարագայում կարող ենք ստեղծել երաշխիքների այդ դաշտը»,- ասաց Գ. Հարությունյանը։
Հարցին, թե հայտնի գաղտնալսումներում հստակ խոսվում էր դատավորներին հրահանգներ տալու մասին, այս առումով մտահոգություններ չունք, ԲԴԽ նախագահը պատասխանեց. «Ցանկացած միջամտություն մտահոգություն է, բայց այդ միջամտության բնույթը, բովանդակությունը, նյութը պետք է բացահայտվի: Այն պահին, երբ այդ փաստով գործ հարուցվեց և քննչական մարմինները սկսեցին դրանով զբաղվել, մենք այդ ուղղությամբ քայլ չենք արել, որովհետև համապատասխան ընթացքով դա պետք է իր ավարտին հասցվի: Առաջին քայլը, որ մենք արեցինք, նաև մտահոգված, փորձեցինք զրուցել դատավորի հետ, և դատավորը նաև գրավոր հայտարարություն արեց, որ ինքը որևէ կոմունիկացիայի մեջ չի մտել: Բարձրագույն դատական խորհրդը միայն դատավորի դիմումի առկայության պարագայում կարող է որոշակի քայլեր անել»:
Պատասխանելով հարցին, թե քաղաքական հրահանգ տեսո՞ւմ ենք, Գ.Հարությունյանն ասաց. «Չեմ կարող ասել, որովհետև հետաքննությանը չեմ մասնակցում, բայց ցանկացած երևույթ, որը հանրային որոշակի կարծիք ստեղծում է, բնականաբար, անթույլատրելի և մտահոգիչ է»։
Հարակից հրապարակումներ`
- Գաղտնալսումը մոնտաժված է, կան դրվագներ, որոնք կտրատված ու հանված են. Փաշինյան
- Հրապարակվել է գաղտնալսված խոսակցության երկրորդ մասը
- Գաղտնալսման գործով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստերը հնարավոր է անցկացվեն ամենօրյա ռեժիմով. Կոստանյան
- ԱԱԾ տնօրեն. Գաղտնալսման պատվիրատուն մեկն է
- ԱԱԾ պետ. Մանրակրկիտ քննությունը կպարզի, թե ով է կատարել գաղտնալսումը