ՀՀ-ի համար ստատուսի և անվտանգության հարցերը մնում են գերակա. Զոհրաբ Մնացականյան
«Մենք որևէ կերպ չենք շեղվել մեր դիրքորոշումներից, երբ ընդգծել ենք այն բոլոր հիմնական սկզբունքները, որոնք վերաբերում են բացառապես խաղաղ կարգավորմանը, բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,- Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նա նշեց, որ այդ առումով ընդգծել են նաև խաղաղությանը նպաստող միջավայրի կարևորությունը։
«Ամենակարևորը, որ մենք ասել ենք, Հայաստանի համար ստատուսի և անվտանգության հարցերը մնում են ամենագերակա խնդիրները: Սրա շուրջ են բանակցությունները: Մենք ունենք մեր գերակայությունները ու չի եղել որևէ բան, որ դուք չիմանաք», - ասաց նա:
Նախարարը վստահեցրեց, որ չկա որևէ բան, որ խափանելու են իրենց դիրքորոշումները։
«Մենք պարտվողական չենք եղել և չենք լինելու»,- ասաց Զ.Մնացականյանը։
Անդրադառնալով բանակցություններին Լեռնային Ղարաբաղի ներգրավածության հարցին՝ նախարարը նշեց, որ դա հետևողական աշխատանք է:
«Լեռնային Ղարաբաղի ներգրավածությունը նաև պրակտիկ կիրառական հարց է: Եթե ամեն բան միանգամից չի լինում, չի նշանակում, որ մոռացանք, անցանք: Սա մեզ համար շատ կոնկրետ պրակտիկ խնդիր է, որպեսզի ավելի գործնական, ավելի իրատեսական լինել, բանակցային գործընթացում պրոգրես ունենալ», - ասաց նա:
Նախարարը նշեց, որ ժողովուրդներին խաղաղություն նախապատրաստելն անհրաժեշտություն է, որևէ նորություն չկա։
«Մենք աշխատում ենք խաղաղության համար, բայց մեր վճռականությունը չպետք է հարցականի տակ դրվի։ Խաղաղությանն այլընտրանք չկա։ Խաղաղության այլընտրանքը կատարստրոֆան է»,- ասաց Զ.Մնացականյանը։
Հարցին, թե երկու երկրների ղեկավարները երկու-երեք անգամ հանդիպում են առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուղղակի մասնակցության, մեկնաբանություններ կան, որ կարծես շեղում է տեղի ունենում Մինսկի խմբի ֆորմատից, նախարարն ասաց. «Չէի ասի։ Առաջինը, որ եղել են երեք հանդիպում, եղել են անպատրաստի, օգտագործվել է այն առիթը, որ երկու ղեկավարները գտնվել են նույն վայրում միջոցառումների ժամանակ։ Սա ողջունելի է, դրական է, առիթ է եղել միմյանց ճանաչելու, փոխանակելու տեսլականները, մոտեցումները»։
Ինչ վերաբերում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին, ԱԳ նախարարն ասաց, որ դրանք վերաբերում են ռիսկերի նվազեցմանը:
«Մենք ունենք Վիեննան և Սանկտ Պետերբուրգը, դրան ավելացել է նաև Դուշանբեն: Մենք հասել ենք մի իրավիճակի, երբ կան նվազ ռիսկեր, հանգստություն շփման գծում և սահմանին։ Սա նպաստավոր է: Որևէ հարց դուրս չի եկել: Մեզ համար ռիսկերի նվազեցումը եղել և մնում է ամենաէական հարցերից մեկը, ինչպես էլ որ դա կոչեք։ Ինչ որ կաշխատի, կաշխատացնենք»,- նշեց Զոհրաբ Մնացականյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախյան հակամարտության լուծումը վերևից պարտադրված չի կարող լինել. Ստյոպա Սաֆարյան
- Առանց Ադրբեջանի ապաշխարանքի, խոսք չի կարող լինել համերաշխության, ժողովուրդների խաղաղության մասին. Մ. Գրիգորյան
- Պարտադրանք չի կարող լինել. Դավիթ Բաբայան
- Մնացականյանն ու Մամեդյարովը խոսել են ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու մասին. ԱԳՆ
- ԵԱՀԿ նախագահող Սլովակիան կօգտագործի ղարաբաղյան հակամարտության շուրջ դրական դինամիկան
- Քաղաքագետ. Արցախյան հակամարտության կարգավորման հարցում սպասվում են բեկումնային զարգացումներ
- Արցախյան հարցի լուծման ընթացքում որոշ պետությունների կողմից քաղաքական մարմնավաճառություն է դրսևորվում. Նորատ Տեր-Գրիգորյանց