Մարուքյան. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հիմա խնդիր է լուծում
«Ինչ էլ որ քննադատենք, ինչից էլ որ խոսենք, կարծում եմ՝ ամենակայացած կառույցը մեր պետական շինարարության մեջ հայկական բանակն է»,-Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ավելացնելով, որ այստեղ էլ դեռ շատ անելիքներ կան։
Տոնի առթիվ նա շնորհավորեց Հայաստանի, Արցախի ժողովրդին, Սփյուռքին։
Անդրադառնալով հարցին, որ ժամանակին պատգամավոր Փաշինյանը հայտարարել էր, 1000 դրամները յուրօրինակ տուգանք են, քանի որ չենք կարողացել արդյունավետ պետություն կառուցել, հիմա հնարավո՞ր է, այլևս դրանք չվճարվեն, Մարուքյանն ասաց.
«Պետք է ասեմ հետևյալը, այո եղել է այն քննադատությունը, որ մենք հասել ենք նրան, որ ստիպված ենք նման սիմվոլիկ հարկ սահմանել, որպեսզի վիրավոր զինծառայողների առողջական խնդիրները, զոհվածների ընտանիքների խնդիրները լուծենք։ Եվ այո, ասվել է, որ բավականին խնդիրներ չեն լուծվել, պետությունը արդյունավետ չի եղել, դրա համար հասել ենք այս օրվան։ Հիմա գիտեք, բոլորս լծված ենք արդյունավետ պետություն կառուցման գործին, մենք՝ մեր տեղը, իշխանությունը՝ իր տեղը։ Հիմա վաղաժամ է ասել, քանի որ հեղափոխություն է եղել, հիմա էս 1000 դրամների օրենքը մենք կվերացնենք, էլ դա պետք չի։ Հիմնադրամը հիմա խնդիր է լուծում»։
Հիշեցնենք, որ Մարուքյանը դեմ է քվեարկել զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ստեղծման վերաբերյալ նախագծին։
«Ընդդիմության մեջ էլ եղավ պառակտում, մի մասս դեմ քվեարկեցինք, մի մասս՝ կողմ։ Բայց ամեն դեպքում, այս խնդիրը միակը չէ, բազմաթիվ խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան