Միշտ պետք է գնահատել մեր զինվորին, մեր արածը փոքր ինչ բարոյական աջակցություն է. Տեր Արամ քահանա Միրզոյան
Հայոց բանակին երկարամյա նվիրյալ ծառայության համար ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալով: Տավուշի Թեմից նշում են, որ Տեր Արամը ավելի քան մեկ տասնամյակ ծառայում է ՀՀ-ի ամենաերկար սահմանն ունեցող տարածաշրջանում, Տեր Հոր ամենօրյա խնամքի ներքո են գտնվում Հայոց հաղթանակած բանակի քաջարի զինվորները:
«Հաճելի է, երբ որ գնահատում են ծառայությունը, նվիրումը, բայց, բնականաբար, ավելի արժանավոր մարդիկ կան։ Միշտ պետք է գնահատել մեր զինվորին, մեր արածը պարզապես փոքր ինչ բարոյական աջակցություն է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Տեր Արամ քահանա Միրզոյանը։
Տեր Արամն այսօր ողջ օրվա ընթացքում եղել է առաջնագծում՝ Հայոց բանակի 27-րդ տարեդարձի առիթով առաջին հերթին շնորհավորելու խրամատում մարտական հերթապահություն իրականացնող զինվորին։
«Այսօր ամբողջ սահմանում շատ բարձր, տոնական տրամադրություն է, հատկապես Շամշադին աշխարհում, որն ամենաերկար սահմանն ունի, և առավել քան զինվորի, մեր բանակի դերը, հարգը, նշանակությունը որևէ մեկը չի կարող հասկանալ և գնահատել, քան սահմանում ապրող ժողովուրդը, որի համար պարզապես կենսական նշանակություն ունի հզոր բանակ ունենալը։
Այսօր այն օրն է, որ իբրև ազգ, ժողովուրդ շատ հպարտ ենք, որ ունենք պետություն, պետականություն, բանակ, և այսօր մեծ շուքով մեր ստեղծած ամենամեծ արժեքի՝ մեր հայոց հաղթանակած բանակի տարեդարձնքն ենք նշում»,- ասաց քահանան։
Նա ընդգծեց, որ հայ զինվորը շատ հպարտ է, որ հայ է ծնվել, այսպիսի համազգեստ է կրում, որը մեր հանրապետությունում ամենահարգվածն է ու ամենապատվաբերը։
Խոսելով եկեղեցի-հոգևորական-բանակ կապի մասին, Տեր Արամ քահանա Միրզոյանն ասաց, որ հայ ժողովրդի արյան մեջ է, մեր պատմությունը բազում է նման վկայություններով, որ մեր եկեղեցին միշտ պայքարել է, աղոթել է մեր ազգի միասնության, միասնականության, բռունցք լինելու համար։
«Դարեր շարունակ պայքարել ու երազել ենք այսօրվա համար, որ ունենանք պետականություն, հզոր բանակ, որը կպաշտպանի մեր արժեքները, սրբությունները։ Իբրև հոգևորական երջանիկ ենք, որ ապրում ենք ազատ, անկախ հանրապետությունում, ազատորեն, առանց կաշկանդավելու մեր մայրենի լեզվով աղոթքն ենք բարձրացնում առ Աստված, հնարավորություն ունենք մեր հավատքն արծարելու մեր կյանքում։ Դրա համար մենք մեծ երախտապարտ ենք և աչքի լույսի պես փայփայենք մեր բանակը»,- ասաց Տեր Արամը։
Նա ընդգծեց, որ ինչպես ապրիլյանի ժամանակ, և ընդհանրապես ցանկացած վայրկյանի որևէ հոգևորական միշտ պատրաստ է իր սրբությունը պաշտպանելու. «Մենք Աստծուց ժառանգած հայրենիք ունենք, պարտավոր ենք պահել, պաշտպանել մեր խաչով, մեր սրով, մեր աղոթքներով ու գրչով, մեր ամբողջ էությամբ»։
Հարցին, թե առաջինագիծը պաշտպանում են զինվորները, իսկ թիկունքում ժողովուրդն է, ինչպիսի՞ն պետք է լինի ժողովուրդը, որպեսզի միասին կարողանան մեր երկրի սահմաններն անվտանգ պահել, Տեր Արամն ասաց. «Մեր հզորությունը կայանում է նրանում, որ մենք շատ արագ դառնում ենք համազգային բանակ։ Այսինքն, այնքան նվիրական և սուրբ է, որ փառք Աստծու, որևէ կարիք չկա միջամտելու, ինչ-որ կերպ աջակցելու, որովհետև բանակը շատ հստակ է իր առաքելությունը կատարում։ Ամեն անգամ այցելելով, շփվելով, տեսնում ենք, որ մեր բանակը պատրաստ է ամենաբարդ խնդիրը կատարելուն, մեր զինվորն առավել քան վստահ է, որ մեր սահմանների անվտանգության հետ կապված մի փոքրիկ մտավախության դեպքում ամբողջ ազգն իրենց թիկունքին է, իրենց հետ է, իրենց կողքին խրամատում կանգնած»։
Լուսանկարները՝ Տեր Արամի ֆեյսբուքյան էջից։
Հարակից հրապարակումներ`
- Բանակն ու Բանակի տոնը. գնահատում են Ապրիլյանի տղաները
- Հոգևորականը պատրաստ է որևէ ժամանակ անհրաժեշտ պաշտպանություն իրականացնել
- Բագրատ Սրբազան. Մեր զինվորները ոչ թե հայրենասեր են, այլ հայրենատեր
- Մեր բանակը խաղաղություն պաշտպանող բանակ է. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին