Ախալցիխեում հայտնաբերվել է միջնադարյան բաղնիքների համալիր
Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի Ախալցիխե քաղաքի տներից մեկի վերանորոգման ժամանակ պատահաբար հայտնաբերվել է միջնադարյան բաղնիքների համալիրը։ Jnews-ը գրում է, որ տունը գտնվել է քաղաքի պատմական կենտրոնում` Ռաբաթում: Բաղնիքի մուտքը հայտնաբերվել է Շավաձեների ընտանիքի տան սենյակներից մեկի հատակատախտակի տակ:
«Երբ սենյակներից մեկում մենք բարձրացրեցինք հատակը, ներքևում երևան եկան ավերակները… Երբ ես ամուսնացա և բնակություն հաստատեցի այս տանը, հաճախ էի լսում սկեսրոջս շուրթերից, որ ներքևում ինչ-որ ավերակներ կան, բայց ոչ ոք չգիտեր, թե ինչ ավերակների մասին էր խոսքը»,- պատմել է տան տիկին Ցիալա Շավաձեն:
Հայտնաբերվածի մասին Շավաձեների ընտանիքը համապատասխան կառույցներին անմիջապես չի տեղեկացրել: Ոչ Մշակութային ժառանգության հուշարձանների պահպանության գործակալությունը, ոչ էլ տեղական իշխանությունները իրազեկ չեն եղել: Բանն այն է, որ Շավաձեների տանը գործում է հյուրանոց: Նրանք պլանավորել էին հայտնաբերված ստորգետնյա սրահները վերածել նոր տարածության՝ հյուրերի համար:
«Նրանք անշուշտ պետք է զանգահարեին Հուշարձանների պահպանության գործակալությանը: Նրանք այստեղ կամայականորեն որևէ բան անելու իրավունք չունեն: Եթե հուշարձանը վնասեն, ապա նրանք կտուգանվեն վարչական օրենսդրության համաձայն», – ասել է ՀԿ «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» ներկայացուցիչ Քեթի Բեբիաշվիլին:
Սամցխե-Ջավախեթիի պատմական թանգարանում ենթադրում են, որ հայտնաբերվածը թվագրվում է XVIII դարով: Փորձագետների կարծիքով, այդ մասին վկայում են այդ պատմական ժամանակահատվածին բնորոշ բաղնիքների գմբեթավոր առաստաղները:
Աղբյուրը նշում է, որ ժամանակ Ախալցիխեի ամրոցը Անդրկովկասում ամենաազդեցիկն էր համարվում: Հենց այդ ժամանակ այնտեղ կառուցվել է մզկիթը և ժողովարանը, որոնք պահպանվել են մինչ օրս: Բացի այդ, Ռաբաթի շրջանում հայտնաբերվել են նույն ժամանակահատվածում կառուցված, մի քանի բաղնիքների համալիրների ավերակներ:
Շուտով հայտնաբերված օբյեկտի տեղանքում հուշարձանի մանրակրկիտ ուսումնասիրություն կանցկացնեն Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության մասնագետների խումբը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան