«1998-ի Տեր-Պետրոսյանի խաղաղության թեզի կողմնակիցները Փաշինյանի դեմքով եկել են իշխանության»
«Հայաստանը դարձել է իզգոյ, համարյա չեղած հաշիվ, ՀԱՊԿ-ում։ Հայաստանը կորցրել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը Փաշինյանի շնորհիվ։ Ասում է էական չէ, բա ի՞նչն է էական՝ չպլանավորված հանդիպումը Դավոսո՞ւմ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նա նշեց, որ վարչապետը հայ-ռուսական հարաբերությունները գնահատում է փայլուն, սակայն հունվարի 1-ից սահմանին գազը թանկանում է։
«Սա՞ է փայլուն հարաբերությունները»,- ընդգծեց նա։
Էդ. Շարմազանովը խայտառակ որակեց Ն. Փաշինյանի հայտարարությունը ԵԱՏՄ վերաբերյալ։
«Պետության ղեկավարը պետք է հասկանա, որ դիվանագիտության մեջ պատահական բառեր չեն լինում, ինչ որ դու ասում ես, կարևոր է։ Ի՞նչ է նշանակում՝ ես դեմ եմ եղել ԵԱՏՄ-ին, հիմա էլ եմ դեմ, բայց դե սխալը շարունակենք։ Այսինքն իր հպարտությունը թույլ չի տալիս այդ մարդուն ասել, որ ԵԱՏՄ մտնելը ճի՞շտ էր։ Հիմա կոնկրետ հարց եմ տալիս՝ բա եթե սխալ էր, ինչո՞ւ ես սխալը կրկնում։ Եթե սխալ էր, այդ Դավոսի քո ելույթում ինչո՞ւ էիր պարծենում ԵԱՏՄ ընձեռած հնարավորություններով։ Ախր չի կարելի սեփական շահը, եսը պետության շահից բարձր դասել»,- նշեց ՀՀԿ-ական գործիչը։
Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մասին, նա ասաց, որ Ն.Փաշինյանն այս ընթացքում իր քաղաքական կապիտալը, որը ժառանգել էր նախորդ իշխանություններից, խայտառակորեն մսխել է։
«Ո՞րն էր այդ կապիտալը։ Ապրիլյանից հետո Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում կոշտացել էին, մենք հասանք Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի, Ժնևի հայտարարություններին, որտեղ հստակ նշվում էին ինչ գործողություններ պետք է իրականացնել, ուղիղ հղում էր արվում ինքնորոշման իրավունքի իրացմանը։ Ինչ ստացանք դրա փոխարեն։ Նիկոլ Փաշինյանը սիրուն ջրեց Սանկտ Պետերբուրգը։ Ասում է գիտեք՝ ադրբեջանական կողմն ասում է այսպիսի պայմանավորվածություն չի եղել։ Իմ երկրի ղեկավարը փոխարեն հղում անի իր նախորդ իշխանությունների, ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարություններին, հղում է անում Ալիևին։ Էս ուր ենք հասել»,- ասաց նա։
Նրա խոսքով, Դուշանբեի վերելակում Փաշինյանը ընկել է Ալիևի թակարդը։ Շարմազանովի տպավորությամբ, Ն. Փաշինյանը տեղյակ չի եղել Դավոսում Ալիևի հետ հանդիպելուց. «Կարող է հինգ րոպե առաջ պրոտոկոլը եկել և ասել է, որ այնտեղ ասել են պետք է հանդիպես, որովհետև լուսանկարներում, լայվերում այնպես շփոթված տեսք ուներ, հպարտ ղեկավարի տեսք չուներ», - ասաց Էդ. Շարմազանովը։
Նրա կարծիքով, Հայաստանում տեղի է ունեցել հեղաշրջում և 1998 թվականի Տեր-Պետրոսյանի խաղաղության թեզի կողմնակիցները Փաշինյանի դեմքով եկել են իշխանության։
«Մենք դեմ չենք խաղաղությանը, մենք դեմ ենք խաղաղություն մուրալուն։ Նպատակը մեկը պետք է լինի՝ պաշտպանել 1991 թվականի դեկտեմբերի հանրաքվեի արդյունքները, Արցախի ժողովուրդը այո է ասել անկախությանը։ Հայաստանն այլ բան չունի անելու, քան պաշտպանել Արցախի ժողովուրդի որոշումը։
Ի՞նչ նոր հանրաքվե։ Հանրաքվեն արվել, պրծել է Արցախի կողմից։ Մենք պարտավոր ենք սա հարգել, որպես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի երաշխավոր պաշտպանել դա»,- ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամը։
Հարակից հրապարակումներ`
- Շարմազանով. Փաշինյանն ինչ խոստացել է, չի արել
- Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը՝ Դավոսում 33 իրադարձություններից մեկը
- Շարմազանով. Արցախի հարցում Փաշինյանը անհասկանալի ափալ-թափալ հանդիպումների մեջ է
- Ես չեմ կարող Արցախի անունից բանակցել, քանի որ այնտեղի քաղաքացիներն ինձ վարչապետ չեն ընտրել. Փաշինյան
- Աշոտյան. Փաշինյանը բանակցային գործընթացում հայկական դիրքերը մտցնում է փակուղի
- Փաշինյան. Ալիևի հետ քննարկում ենք բանակցային գործընթացի պատմությունը
- Փաշինյանն Ալիևի գրկում․ Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի համար պատրաստում են փաթեթային համաձայնագիր
- Փաշինյան-Ալիև հանդիպումը տևել է մոտ մեկուկես ժամ
- Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն
- Շարմազանով. Սերժ Սարգսյանը և ասելիք ունի, և անելիք
- Շարմազանով. Մտահոգիչ հայտարարություններ են գալիս Բաքվից
- Շարմազանով. Իմ նախընտրական շտաբի մոտ երկու հոգի փող առնել-տալու գործողություն են բեմադրել
- Շարմազանով. Չենք լռելու