«Թրանսփերենսի ինթերնեշնլ». Հայաստանը 2018-ին կոռուպցիայի ընկալման ինդեքսով 105-րդ տեղում է
«Թրանսփերենսի ինթերնեշնլ» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է աշխարհի 180 երկրներում կոռուպցիայի ընկալման սանդղակը՝ հիմնված 2018թ.-ի տվյալների վրա։
Սանդղակը օգտագործում է 0-ից մինչև 100 միավորը, որտեղ 100-ը լավագույնն է, իսկ 0-ն ամենակառումպացվածը։
Նշվում է, որ երկրներից մոտ երկու երրորդը գտնվում են 50-ից ցածր մակարդակում՝ 43 միջինով։
Հայաստանը 2018թ.-ի սանդղակով ստացել է 35 միավոր ու 180 երկրների շարքում զբաղեցրել 105-րդ տեղը։ 2017թ.-ին Հայաստանը կրկին 35 միավոր էր ստացել ու 180 երկրների շարքում զբաղեցրել 107-րդ տեղը, իսկ 2016-ին՝ 33 միավորով՝ 113-րդ տեղում էր՝ 176 երկրներից։
Այս ինդեքսացիան բացահայտում է երկրների մեծամասնության ձախողումը՝ վերահսկել կոռուպցիան, որը հանգեցնում է ժողովրդավարության ճգնաժամի։ Նշվում է, որ բացառություններով, տվյալները ցույց են տալիս, որ թեև որոշ առաջընթացի, շատ երկրներ չեն ձգտում կոռուպցիայի դեմ լուրջ քայլեր կատարել։
Մեր տարածաշրջանում Ադրբեջանը 25 միավորով 180 երկրների շարքում զբաղեցնում է 152-րդ տեղը, Թուրքիան 41 միավորով՝ 78, Վրաստանը 58 միավորով՝ 41-րդ տեղը։ ԱՄՆ-ը 71 միավորով 22-րդ տեղում է, Կանադան 81 միավորով՝ 9-րդ, Ֆրանսիան 72 միավորով՝ 21, Ավստրալիան 77 միավորով՝ 13, Ռուսաստանը 28 միավորով՝ 138-րդը՝ 180 երկրների շարքում։