Կոմիտասի ծննդյան հոբելյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում ընդգրկելու ժամանակ Քարտուղարությունը տարօրինակ դիրքորոշում է ունեցել
Դեռ 2017 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 39-րդ նստաշրջանը որոշում է ընդունել ընդգրկել Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանները ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թթ. օրացույցում: Հայաստանի Հանրապետության կողմից` Ֆրանսիայի ու Գերմանիայի աջակցությամբ ներկայացված «Կոմպոզիտոր, էթնոերաժշտագետ, բանահավաք, երգիչ Սողոմոն Սողոմոնյանի, հայտնի որպես` Կոմիտաս վարդապետի (1869-1935 թթ.) ծննդյան 150-ամյակը», և Վրաստանի ու Ռուսաստանի աջակցությամբ ներկայացված «Բանաստեղծ, գրող, թարգմանիչ Հովհաննես Թումանյանի (1817-1923 թթ.) ծննդյան 150-ամյակը» խորագրով հայտերն ստացել էին Կազմակերպության հավանությունը:
Սակայն մինչ այդ հայկական կողմը ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությանը ստիպված է եղել համոզել և ապացուցել, որ Կոմիտասի հայտի դեպքում Թուրքիայի մասնակցությունը պարտադիր չէ։ Լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանն ասաց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործընթացի համաձայն, յուրաքանչյուր երկիր որևէ հայտ ներկայացնելիս, պետք է ունենա երկու այլ երկրների աջակցությունը, որպեսզի ներկայացված հայտն ընդգրկվի օրացույցում։ Կոմիտասի հայտի դեպքում Հայաստանը նախընտրությունը տրվել է Ֆրանսիային և Գերմանիային։ Ստացել են նրանց աջակցությունն ու հայտը ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարություն։
«Սրան հաջորդեց տարօրինակ գործընթաց։ Քարտուղարությունը դիրքորոշումն այն էր, որ չեն կարող դիտարկել Կոմիտասի հայտը, քանի որ ծնված լինելով Թուրքիայում, այդ երկիրը չի մասնակցում հայտին։ Ակնկալում էին, որ Թուրքայի համաձայնությունը նույնպես լինի։ Բնականաբար, մերժեցինք քարտուղարության նման առաջարկությունը երկու պատճատով՝ չէինք ցանկանում, որ Թուրքիան որևէ կերպ ասոցացվեր Կոմիտասի հոբելյանի հետ, երկրորդ՝ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում, թե որ այլ երկու երկրների հետ ներկայացնեն հայտը։ Մի քանի ամիս տևած բանակցությունների արդյունքում կարողացանք համոզել և ապացուցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությանը մեր դիրքորոշման ճշմարտացիության մեջ, ստանալ դրական եզրակցություն, որը հաստատվեց գլխավոր կոնֆերանսի ժամանակ»,- մանրամասներ ներկայացրեց Վ. Կաժոյանը։