Արմեն Գևորգյանը չի կալանավորվի
Վերաքննիչ դատարանն ուժի մեջ թողեց առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը և մերժեց երկու կողմերի վերաքննիչ բերված բողոքները։ Դատարանի որոշումը լրագրողներին ներկայացրեց նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
«Այսինքն, այս պահի դրությամբ ուժի մեջ է առաջին ատյանի դատարանի որոշումը»,-ասաց նա։
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում դատարանի որոշումը, Արմեն Գևորգյանն ի պատասխան ընդգծեց, երբեք սովորություն չեմ ունեցել դատարանների որոշումներին գնահատական տալ։
«Դատարանների որոշումները պետք է կատարվեն՝ անկախ ամեն ինչից»,-ասաց նա։
Թե ինչ հիմնավորումներով է դատարանը նման որոշում կայացրել, Գևորգյանն ասաց՝ տեղյակ չէ, որոշումը կստանան, պատճառաբանական մասին ծանոթանալուց հետո անհրաժեշտության դեպքում փաստաբաները տեղյակ կպահեն։
Նա խնդրեց՝ գործին առնչվող հարցեր չտալ, պատասխանել չի կարող, «Որովհետև ես շատ պարտաճանաչ քաղաքացի եմ, քննության գաղտնիքը հարգում եմ ու պահպանում եմ»։
Փաստաբանների հետ կհանդիպի առաջիկայում, կքննարկեն անելիքները։
«Ես հիմա պետք է գնամ աշխատանքի։ Շատ հետաքրքիր ծրագրեր ունենք իրականացնելու՝ երկրի զարգացմանն ուղղված, Երևանի որոշակի ներդրումային ծրագրերի վերաբերյալ։ Եվ ցավում եմ, որ այսքան ժամանակ չեմ կարողացել հետևողական զբաղվել, քանի որ ներգրավված եմ եղել այս գործընթացներում»,-ասաց Գևորգյանը։
Հիշեցնենք, որ 2018-ի դեկտեմբերի 14-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Արմեն Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը:
Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննիչում բողոքարկել է Դատախազությունը։ Դատարանի որոշումը մասնակի բողոքարկել էր նաև պաշտպանական կողմը՝ դատարանից պահանջելով օրինական ուժի մեջ թողնել առաջին ատյանի՝ այսինքն Գևորգյանին չկալանավորելու որոշումը:
Հիշեցնենք, որ Ա. Գևորգյանին մեղադրանք առաջադրվել է Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Սահմանադրական կարգը բռնի տապալելուն օժանդակելը։ ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն, Գևորգյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու (ՀՀ Քրեական օրեսնգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետ) և փողերի լվացման համար (ՔՕ-ի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ)։
Նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Գևորգյանի գործով որոշումը կհրապարակի հունվարի 29-ին
- Դատարանում Արմեն Գևորգյանը ելույթ է ունեցել
- Արմեն Գևորգյան. Խնդրում եմ՝ հաջողություններ ինձ մաղթեք
- Ես շատ-շատ բան ունեմ ասելու և պատմելու. Արմեն Գևորգյան
- Արմեն Գևորգյանը չկալանավորվեց
- Արմեն Գևորգյան. Մեղադրանքին ծանոթ եմ, այն չեմ ընդունում