Բարեգործական համերգաշար՝ «Լույս հայի աչքերին» խորագրով
«Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը (ՀԱՆ ԲՀ), որը Հայաստանում գործում է 26 տարի և իրականացնում ակնաբուժական լայնածավալ ծրագրեր, փետրվարի 8-10-ը Երևանում և Գյումրիում կազմակերպել է բարեգործական համերգաշար՝ «Լույս հայի աչքերին» խորագրով՝ նվիրված Հայաստանում ՀԱՆ ԲՀ-ի կողմից իրականացվող ծրագրերին:
Հիմնադրամից հայտնում են, որ համերգի հյուրերն են հանրահայտ երիտասարդ կատարողներ Սերխիո Էսկալերան (դաշնամուր, Բոլիվիա) և Գերվասիո Տարագոնա Վալլին (կլարնետ, Ուրուգվայ), ովքեր մի քանի անգամ համերգային ծրագրերով այցելել են Հայաստան և այս անգամ ցանկություն հայտնել ելույթ ունենալ հայ հադիսատեսի համար անվճար հիմունքներով: Կատարողները հանդես կգան լարային քառյակի ընկերակցությամբ, կազմում՝ Աստղիկ Վարդանյան (առաջին ջութակ), Ռազմիկ Հովհաննիսյան (երկրորդ ջութակ), Վահագն Եղիշյան (ալտ) և Հակոբ Աթյան (թավջութակ): Համերգային ծրագրում կհնչեն Մոցարտի «Կլարնետի կվինտետ» և Դվորժակի «Դաշնամուրային կվինտետ» ստեղծագործությունները:
Վերոնշյալ համերգների մուտքն ազատ է: Ընթացում կկազմակերպվի հանգանակություն, որից ստացված գումարը կտրամադրվի ՀԱՆ ԲՀ-ի նոր ծրագրերից մեկին՝ մանկապարզետների 3-5 տարեկան երեխաների ակնային զննմանը՝ հայտնաբերելու այնպիսի խնդիրներ, որոնք մինչև 7 տարեկան հասակը բուժելու պարագայում լիովին կանխարգելում են կուրությունը:
Աստղիկ Վարդանյան (առաջին ջութակ)
Աստղիկ Վարդանյանն ուսանել է նշանավոր ջութակահար Ժան Տեր-Մերկերեանի մոտ: 2001թ.-ին դարձել է Լևոն Չիլինկիրեանի անվան համահայկական մրցույթի առաջին մրցանակակիր: 2005թ.-ից սովորել է Լոնդոնի Թագավորական երաժշտական քոլեջում` Լ. Չիլինկիրեանի դասարանում: Ուսման ընթացքում հանդես է եկել որպես քոլեջի սիմֆոնիկ նվագախմբի առաջին ջութակ և կոնցերտմայստեր, հանդիսացել է ականավոր դիրիժոր Բերնարդ Հայթինգի ընտրյալ կոնցերտմայստերը: 2006թ.-ին շահել է Մայրա Հեսսի անվան մրցույթը: Աստղիկը 2005թ.-ին հիմնել է «Վարդանյան» լարային քառյակը Լոնդոնի Թագավորական քոլեջում: Երևան վերադառնալուց հետո շարունակել է «Վարդանյան» լարային քառյակը՝ կազմում ընդգրկելով երիտասարդ տաղանդավոր երաժիշտների: 2011թ.-ի մարտից Աստղիկ Վարդանյանը Հայաստանի պետական կամերային նվագախմբի կոնցերտմայստերն է (առաջին ջութակ):
Գերվասիո Տարագոնա Վալլի (կլարնետ)
Որպես մենակատար Գերվասիոն առաջին անգամ հանդես է եկել 19 տարեկանում՝ Ուրուգվայի ազգային նվագախմբի հետ կատարելով Կոպլենդի Կլարնետի կոնցերտը: Այնուհետև որպես մենակատար ելույթ է ունեցել Ուրուգվայի, Արգենտինայի, Վենեսուելայի առաջատար նվագախմբերի հետ՝ աշխատելով հանրահայտ դիրիժորների հեղակավորությամբ: 2008-ին հիմնադրել է Montevideo International Clarinet Meeting միջազգային փառատոնը: Փառատոը երեք տարվա ընթացքում հյուրընկալել է աշխարհի ճանաչված կլարնետահարներին և այլ երաժիշտների:
Սերխիո Էսկալերա (դաշնամուր)
Բոլիվիացի դաշնակահար Սերխիո Էսկալերան իր երաժշտական ուսումնառությունը սկսել է վեց տարեկան հասակում, Լա Պասի Երաժշտության ազգային կոնսերվատորիայում։ 2008 թ. նրան շնորհվել է Իտալիայի Դուինոյի Ադրիատիկի Միավորված համաշխարհային քոլեջ (UWC) հաճախելու և ‟Scuola Superiore Internazionale di Musica da Camera del Trio di Trieste”-ում երաժշտության ոլորտի հետազոտողի ամբողջական կրթաթոշակ։ Նա բակալավրի աստիճան է ստացել Բոստոնի կոնսերվատորիայում, որտեղ ուսանել է Մայքլ Լևինի դասարանում։ Նրա ուսուցիչներից են եղել Նադյա Լապիչը և Իգոր Կոգնոլատոն։ Կամերային երաժշտության ուսուցիչներից են՝ Դարիո Դե Ռոսան, Ռենատո Զանետովիչը և այլք։ Սերխիո Էսկալերան համագործակցել է մի շարք անվանի դիրիժորների (Ֆրեդի Տերացաս, Ռիկարդո Կաստրո, Վիլեմ Ստամ, Սերգեյ Բաբայան և այլք) հետ՝ հանդես գալով Ֆերենց Լիստի Ակադեմիական նվագախմբի, Բրազիլիայի Բահիայի երիտասարդական և Բոլիվիայի դասական նվագախմբերի, Էնտրե-Ռիոսի, Տուկումանի և Լոզանի համալսարանի սիմֆոնիկ նվագախմբերի հետ։
Ս. Էսկալերան մասնակցել է միջազգային բազմաթիվ մրցույթների՝ արժանանալով մրցանակների. այդ թվում՝ Պերուի Ֆրեդերիկ Շոպենի անվան III (գլխավոր մրցանակ), Տուկումանի (Արգենտինա) I (երկրորդ մրցանակ), Կլաուդիո Արաուի XXI (Չիլի, գլխավոր և հատուկ մրցանակներ), Իտալիայի Տրիեստում կայացած «Արս Նովա» IV (առաջին բացարձակ մրցանակ), Բոստոնի կոնսերվատորիայի դաշնամուրի պատվո մրցաշար (գլխավոր մրցանակ) և այլն։
Համերգներով հանդես է եկել Էկվադորում, Կոլումբիայում, Գվատեմալայում, Խորվաթիայում, Սլովենիայում, Մակեդոնիայում, Իրաքում և այլուր, մասնակցել մի շարք փառատոների, ինչպես օրինակ՝ Ժամանակակից երաժշտության փառատոն Կոչաբամբայում, Երիտասարդ տաղանդների V հանդիպում (Encuentro de Jóvenes Talentos) Չիլիում, ՄյուզիքՖեսթ Պերուջան Իտալիայում, FEMUSC- Բրազիլիայում, Մորիցբուրգի փառատոն Գերմանիայում, Հոգևոր երաժշտության միջազգային փառատոն (Festival International de Musiques Sacrées) Շվեյցարիայում, համերգների շարք Ֆրեդերիկ Շոպենի ծննդավայր Լեհաստանում, և այլն։ Սերխիո Էսկալերան համագործակցում է Մոնրեալի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր շեփորահար Փոլ Մերկելոյի, Նյու Յորքի Ֆիլհարմոնիկի գլխավոր փողահար Ֆիլիպ Մայերսի, Շվեդիայի Նորբոտեն նվագախմբի համերգավար Բրուսկ Ցանգանեհի, ջութակահար Գեզա Հոսցու-Լեգոքիի, դաշնակահար/դիրիժոր Սերգեյ Բաբայանի և իր ներկայիս ուսուցիչ՝ բրազիլացի դաշնակահար և դիրիժոր Ռիկարդո Կաստրոյի հետ։ Այժմ նա Հայաստանի ռեզիդենտ երաժիշտ է Դիլիջանի միջազգային դպրոցում (UWC), որտեղ ուսուցանում է աշխարհի տարբեր երկրներից եկած աշակերտներին: