ՊԵԿ նախագահը ներկա է «Իմ քայլը» խմբակցության փակ նիստին
Այսօր Ազգային ժողովում տեղի է ունենալու «Իմ քայլը» խմբակցության փակ նիստը, որին ներկա է լինելու նաև ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ նշելով, որ օրակարգում ընդգրկված է երկու հարց՝ պարգևավճարների և Հարկային օրենսգրքի հետ կապված:
«Այն ամենը, ինչը հանրային կերպով հնչեցվեց, իհարկե, մեզ համար որոշակի մտածելու տեղիք է տալիս: Այո, գտնում ենք, որ պարգևավճարների ինստիտուտի հետ կապված վերանայման կարիք կա»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ պետք է մանրամասն այս հարցն ուսումնասիրել, հասկանալ խնդիրը. «Մի կողմից՝ կա օրենք, և օրենքի շրջանակում ինչ-որ գործողություններ են արվում, բայց մյուս կողմից՝ ունենք այն արձագանքը, որն ունեցանք։ Պետք է գտնվի այնպիսի լուծում, որից հետո մարդկանց մոտ չի լինի անարդարության զգացում: Բայց այստեղ խնդիրը երկակի է, երբ խոսում ենք արդյունավետ կառավարման համակարգի մասին, չենք կարող ունենալ ցածր վարձատրվող կադրեր, որոնք կիրականացնեն այն պրոֆեսիոնալ աշխատանքը, որը մենք կուզենք, որ խորքային լուծումներ ստանան»։
Լրագրողների հարցին, թե հնարավոր է, որ խմբակցության նիստի ընթացքում դրվի ՊԵԿ նախագահի պաշտոնանկության հարցը, խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Ցանկացած հարց, որ մենք բարձրացնում ենք, ինքնանպատակ չէ: Երբ մենք ինչ-որ խնդրի մասին խոսում ենք, ուզում ենք, որ դա լուծում ստանա: Այս պահին նման խնդիր մենք չենք դնում, մենք խնդիր ենք դնում լուծել մեր առջև դրված խնդիրները»:
Հարակից հրապարակումներ`
- Ես նույնպես ստացել եմ պարգևավճար. Փոխվարչապետ
- «Իմ քայլը» կհայտնի իր դիրքորոշումը պարգևավճարների մասին. Ալեն Սիմոնյան
- Իսկ պայմանագրային զինծառայողները պարգևավճար չստացան
- Շուշան Դոյդոյանն անընդունելի է համարում պարգևատրումների ինֆորմացիան օրենքի անվան տակ թաքցնելը
- Այդպիսի պարգևատրումներ, այդպիսի մեծ թվեր չկան. Դավիթ Անանյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան