Կոռուպցիան նաև առանց կենսագրության մարդկանց պատասխանատու ոլորտներում նշանակումներն են. տնտեսագետ
«Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո գիտնականները բավականին դրական փոփոխություններ էին սպասում գիտության ոլորտում, ցավոք սրտի, մեր դրական սպասումները այդպես էլ իրականություն չեն դառնում»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
Նրա խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարn, իհարկե, հռչակված է, բայց կոռուպցիան միայն կաշառակերությունը չէ, միայն այն դեպքերը չեն, որոնք բացահայտվել ու ի ցույց են դրվել:
«Կոռուպցիան, իմ խորին համոզմամբ, նաև սխալ նշանակումներն են, կամայական նշանակումներն են, առանց մրցույթի, առանց կենսագրություն, հետագիծ ունեցող մարդկանց պատասխանատու ոլորտներում նշանակումներն են և նրանց կողմից կայացրած այն որոշումները, որոնք բազմաթիվ օրինախախտումներ են ուղեկցվում»,- նշեց տնտեսագետը:
Թաթուլ Մանասերյանը հայտնեց, որ փորձել է այլ գիտնականների հետ համագործակցության քայլեր ձեռնարկել, սակայն՝ ապարդյուն: Ըստ նրա՝ գիտության ամբողջ համակարգը՝ բացառությամբ Գիտական պետական կոմիտեի, այսօր ողբալի վիճակում է: «Եթե Հայաստանն ունի մրցակցային վառ արտահայտված ներուժ, ապա դա գիտությունն է և, եթե մենք այսպես ենք վերաբերվում գիտությանը, ապա չեմ կարծում, որ կարող ենք շատ շոշափելի արդյունք ունենալ ապագայում»,- ասաց տնտեսագետը:
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն էլ նշեց, որ ամենուր կա իմիջիայլոց կառավարում, այդ թվում՝ գիտության ոլորտում: Նրա խոսքով՝ ոչ միայն իրենց, այլև բազում այլ գիտնականների մոտ կա մտահոգություն ներկա իշխանությունների կադրային քաղաքականության վերաբերյալ:
«Այստեղ մենք տեսնում ենք լիրիկականություն, տեսնում ենք սիրողականություն, ամենատարբեր նման մոտեցումներ, որի պարագայում ակնկալել, որ ունենալու ենք դրական բարեփոխումներ՝ կասկածում եմ»,- նշեց նա:
Թաթուլ Մանասերյանն էլ նկատեց, որ ընդհանրապես տեսլական չկա. «Եթե մենք չունենք նպատակ՝ դեպի ուր ենք գնում, դա արդեն տնտեսական սպառնալիք է: Տնտեսական անվտանգությունն իսկապես այսօր լուրջ խնդիր է մեզ համար»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով պարգևավճարներին՝ Վարդան Բոստանջյանն ասաց, որ զավեշտ է՝ երկու ամիս աշխատել են և իրենց պարգևատրել են, և դա արդարացնելու համար շրջանառության մեջ է դրվում այն տեսակետը, թե եկամուտները քիչ են դրա համար են պարգևատրել. «Նախ մտածեք 3 մլն բնակչության, աղքատների մասին, հետո՝ Ձեր: Իրեն հարգող ցանկացած մարդ առանց որևէ շահի մտածում է երկրի զարգացման մասին»:
Թաթուլ Մանասերյանն էլ նկատեց, որ ինքը դեմ չէ պարգևավճարներին, սակայն դա պետք է արժանիները ստանան: «Դրա համար աշխատանքը գնահատելու չափորոշիչներ են պետք: Մինչդեռ պետական կառույցներում մեկ կամ երկու հոգի ամբողջ բեռը վերցնում է իր վրա, իսկ մյուսները իմիտացիա են ստեղծում: Կարծում եմ, որ այստեղ լուրջ վերաբերմունք է պետք»:
Հարակից հրապարակումներ`
- Թաթուլ Մանասերյան. Կարծո՞ւմ եք, որ վաստակել եք ձեր աշխատավարձերը, որ մտածեք արդեն պարգևների մասին
- Տնտեսության իներցիոն զարգացումը մեզ համար կարող է սպառնալիք լինել. Թաթուլ Մանասերյան