Սահմանադրական դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը
Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշմամբ մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը։
«Բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորված չէ»,-նշել է դատարանը։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը (դիմողի ներկայացուցիչ՝ Ա. Վարդևանյան) այս տարվա հունվարի հունվարի 8-ին դիմել է Սահմանադրական դատարան` խնդրելով.
«Որոշել Քրեական դատավարության օրենսգրքի 414²-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 75-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանության հարցը՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթների իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունները»։
Ըստ դիմողի՝ խնդրո առարկա դրույթում սահմանադրական արդարադատությանը վերաբերող հարցերին օրենսդրի կողմից անդրադարձ չկատարելն առաջացնում է այն անորոշությունը և մեկնաբանությունը, որ Վճռաբեկ դատարանը կարող է ապահովել նաև սահմանադրական նորմերի մեկնաբանման և միատեսակ կիրառման գործառույթ:
Դիմողի կարծիքով՝ Սահմանադրությամբ Վճռաբեկ դատարանի լիազորությունների շրջանակներում ներառված չեն սահմանադրաիրավական նորմերի միատեսակ կիրառության ապահովումը և դրանից բխող վերլուծությունը, մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հիշյալ կարգավորումների առկայության պայմաններում Վճռաբեկ դատարանը, գործը վարույթ ընդունելիս հղում կատարելով սահմանադրաիրավական նորմերին, մեկնաբանելով այդ նորմերի բովանդակությունը և քննելով բողոքը՝ հիմնվելով առավելապես սահմանադրական նորմերի վրա, դուրս է գալիս իր լիազորությունների շրջանակներից՝ ստանձնելով Սահմանադրական դատարանի լիազորությունները:
Դատարանը նշել է, թեև սահմանադրական արդարադատության իրականացումը, հատկապես նաև օրենքի և Սահմանադրության մեջ նշված այլ նորմատիվ իրավական ակտերի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելը Սահմանադրական դատարանի բացառիկ իրավասությունն է, այնուամենայնիվ, սահմանադրականության ստուգումը բոլոր դատարանների պարտականությունն է:
Նշվում է նաև, որ դատարանների, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանի, կամ հանրային իշխանության այլ մարմինների լիազորությունը՝ մեկնաբանելու Սահմանադրությունը, ապահովելու դրա կիրառությունը, չի խաթարում Սահմանադրական դատարանի լիազորության բացառիկությունը՝ որպես Սահմանադրության գերակայությունն ապահովող մարմնի՝ վերջնական լուծում տալու Սահմանադրության մեկնաբանության հարցերին, որն ունի համապարտադիր բնույթ՝ հանրային իշխանության բոլոր մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան