«Շտապօգնության» տնօրեն. Դիմումներից մեկը կասկածի տեղիք է տալիս
«Շտապօգնություն» ՓԲԸ–ում աշխատող երկու բժիշկներ աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել։ Սոցանցում հրապարակված դիմումումներում նրանք որպես ազատման պատճառ նշել են գերծանրաբեռնված աշխատանքը, օրինակ գրել են, որ օրական մինչև 30 կանչ են սպասարկում։ Պատճառների թվում են նաև բժշկական ապահովագրություն չունենալը, հանգստի ու ժամանցի իրավունքից զրկված լինելը։
«Հորդորում ենք աշխատողներին ապահովել միմիմալ պայմաններով՝ բարեխղճորեն աշխատանքային գործունեություն իրականացնելու համար»,-ասաված է բժիշկներից մեկի՝ Տարոն Սարիբեկյանի դիմումում։
«Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց, ինքը դիմում ստացել է միայն մեկ բժշկից։ Տ. Սարիբեկյանի դիմումի մասին տեղեկացել է ֆեյսբուքից։ Իրեն հասցեագրված ազատման դիմումը դեռ իրեն չի հասել։
«Երեկ այդ բժիշկն աշխատել է, ոչ մի բողոք չի ներկայացրել, ճիշտն ասած, շատ զարմանալի է այդ բողոքը, ես որոշ չափով կասկասծի տակ եմ դնում, թե դա ինչից է առաջացել, որովհետև ոչ մի բողոք չի եղել։ Նաև ասեմ, որ նա ենթակայանի վարիչին տեղեկացրել է, որ ինքը շուտով գնալու է Գերմանիա։ Թե ինչո՞ւ է նման ձևով դիմում գրել, այ դա չեմ կարող ասել, մտածելու տեղիք է տալիս։ Ոչ եկել է, ոչ տեղյակ է պահել»,-ասաց Թագուհի Ստեփանյանը։
Ընկերության տնօրենը խոսել է մյուս բժշկի հետ, դիմումը ստորագրել է։
«Վահրամի հետ հանդիպել եմ, խոսել եմ, նա ցանկանում է գնալ ռեանիմատոլոգ-անեսթեզիոլոգիայով զբաղվել։ Նա ասաց, ծանր է աշխատելը։ Մենք եկանք ընդհանուր հայտարարի։ Եվ իսկապես, ես չեմ հերքում։ Այսօր կանչերի թիվն այնքան մեծ է, որ մարդիկ ուղղակի ժամանակ չունեն հանգստանալու»,-ասաց նա։
Ստեփանյանի խոսքով, շտապ օգնության ծառայությունում աշխատանքի անցնող բոլոր բժիշկները համաձայնվում են ներկայացված պահանջներին։
«Թե հիմա ինչո՞ւ են ուղղորդում ուրիշ քայլերի, չեմ կարող ասել։ Աշխատակիցները խոսում են աշխատավարձերի բարձրացման, ապահովագրության մասին, դրանք ավելի գլոբալ խնդիրներ են, որոնք պետք է քննարկվեն ու լուծվեն»,-նշեց նա։
Ստեփանյանն ասաց անպայման դիմելու է վերադասին՝ բարձրացված խնդիրները ներկայացնելու։
Ստեփանյանի խոսքով, դեկտեմբերի վերջից մինչ այսօր իրենք օրական 800 կանչ են սպասարկում, թե ինչով է պայմանավորված կանչերի թվի ավելացումը, ասել չի կարող։ Դրան զուգահեռ չեն ավելացել բրիգադների քանակը։
Ընկերության տնօրենը չի բացառում, որ առաջիկայում էլ նման դժգոհություններով դիմում գրող նոր բժիշկներ կլինեն։
«Ոչ մեկին հնաչավոր չէ ուժով պահել, մարդն ինքն է որոշում, ցանկանում է աշխատել նման հաստատությունում, թե՞ ոչ։ Բժիշկների մեծ բանակ կա, որ մեծ ցանկություն ունեն աշխատել շտապօգնությունում։ Ես չեմ կարծում, որ կադրերի խնդիր կլինի»,-ասաց նա։