581 համաներվածից 30-ն արդեն 42 հանցագործություն է կատարել
«2018 թվականի ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը աճել է 11,2 տոկոսով կամ 2267 դեպքով։ 2017 թվականին եղել է 20284, 2018-ին՝ 22551»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանը։
Խոսելով կոռուպցիոն բնույթի հանցատեսակներից՝ նա մանրամասնեց. «Առաջինը կոռուպցիոն բնույթի հանցատեսակներն են։ Եթե 2017 թվականին արձանագրվել էր կոռուպցիոն բնույթի 634 հանցագործության դեպք, ապա 2018-ին դրանց թիվն աճել է մոտ երկուսուկես անգամ՝ կազմելով 1353: Այս հանցագործություններն իրենց բնույթով դասվում են առավել լատնետային հանցատեսակների շարքին, և դրանց թվի աճը ինքնին դրական արդյունք է, քանի որ դրանց հայտնաբերումն իրավապահ մարմինների համար բավականին բարդ է և պահանջում է օպերատիվ քննչական լայնածավալ միջոցառումների իրականացում։ 2018 թվականին բացահայտվել է պետությանը, կազմակերպություններին և անձանց հասցված շուրջ 5,7 միլիարդ դրամի վնաս, իսկ 2017-ին այդ թիվը եղել է շուրջ 735 միլիոն»։
Ոստիկանության շտաբի պետը նշեց նաև, որ բարձրացել է քաղաքացիների կողմից ոստիկանության դիմելիությունը. «Եթե 2017-ին ոստիկանության ստորաբաժանումները ստացվել են առերևույթ հանցագործության մասին 32321 հաղորդում, ապա 2018-ին դրանց թիվն աճել է 9145-ով»։
Արմեն Ղուկասյանի խոսքով՝ հանցավորության նման աճը բացառիկ չէ, այն արձանագրվել է անկախության տարիներից ի վեր վեց անգամ։
«Հանցագործությունների հիմնական զանգվածի տեղաշարժը տեղի է ունեցել մարդու դեմ ուղղվածից դեպի սեփականության դեմ։ 2018 թվականի ընթացքում արձանագրվել է սպանությունների նվազագույն թիվը վերջին 40 տարիների ընթացքում։ 2018 թվականի երկրորդ կիսամյակում Հայաստանում գրանցվել է նաև ընտանեկան բռնության 990 դեպք: 413 դեպքով կատարվել է նախազգուշացում: 128 դեպքով անհետաձգելի միջամտություն է կատարվել: 541 դեպքով անկետաներ են կազմվել, իրականացվում է կանխարգելիչ աշխատանք»։
Ինչ վերաբերում է Համաներման օրենքի ընդունումից հետո կատարված հանցագործությունների ցուցանիշներին, ոստիկանության գնդապետը նշեց. «Վերջին տվյալներով ազատ արձակված 581 անձից 30-ը կրկին կատարել է 42 հանցագործություն՝ այսօրվա դրությամբ։ 1 ավազակություն, 28 գողություն, որից 10-ը բնակարանային»։
Անդրադառնալով կրկնահանցագործության և համաներման կապին՝ նա ասաց. «Նման հետազոտություն ոստիկանությունում արվել է ուղիղ տասը տարի առաջ, և արդյունքները ցույց են տալիս, որ համաներումից հետո հաջորդ տարին մենք ունենում ենք հանցագործությունների աճ։ Կապ կա, բայց դա չի նշանակում, որ այդ մարդասիրական քայլը, որ պետությունը հանդես է բերում հանցագործների նկատմամբ, սխալ մոտեցում է։ Կարծում ենք, որ ուղղակի նման անձինք պետք է գտնվեն տեսադաշտում, լինեն հսկողության տակ, ցավոք, այսօրվա գործող օրենսդրությունը դրա հնարավորությունը լիարժեք չի տալիս»։
Լրագրողները հետաքրքրվեցին նաև Իոսիֆ Աղաջանովի սպանության կադրերի հրապարակումից, և թե ու՞մ են տրամադրում դրանք, ինչին ի պատասխան ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ասաց. «Քաղաքացուն չի տրամադրվում, բայց փաստաբանին տրամադրվում է։ Ես չգիտեմ հրապարակողը ոնց է վերցրել, հրապարակումից հետո մենք նայել ենք մեր քարտուղարությունում, գրությունն ուղարկել է փաստաբանը, մենք տրամադրել ենք փաստաբանին»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան