Ցոլակյան. Պարգևավճարի համար եմ աշխատու՞մ, չհասկացա
«Պարգևավճարներ միշտ եղել են, օրինակ մարզպետարաններում միշտ տվել են»,- այսօր նախագահական նստավայրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
Լրագրողների հարցին, թե ինքներդ Ձեզ երբևէ պարգևատրե՞լ եք, ասաց. «Հիմա չէ, այն ժամանակ չեմ հիշում»։
Ճշտող հարցին, թե հիմա ինչու՞ չեք արել, Ձեր աշխատանքից գոհ չէի՞ք, պատասխանեց. «Հա, ես ինձնից գոհ չէի»։
Ինչ վերաբերում է նախարարությունների միավորման ու կոնկրետ իր ղեկավարած գերատեսչությանը, Ցոլակյանն ասաց. «Գտնում եմ, որ այս նախարարությունը շատ կարևոր է, այսօր աշխարհում տեխնածին աղետները, բնակլիմայական փոփոխությունները շատ կարևորվում են, և այս տեսակետից նախարարության դերն անգնահատելի է։ Այս նախարարությունը ոչ թե պետք է անջատվի-միանա, այլև պետք է տրվի զարգացման բոլոր հնարավորությունները»։
Անդրադառնալով վարչապետի այն դիտարկմանը, թե պետական ծառայողները քիչ աշխատավարձ են ստանում, դրա համար հաճախ հրաժարվում են պետական ծառայությունից, ԱԻ նախարարը նշեց. «Կա այդպիսի բան, օրինակ ծրագրավորողների մասով կարող եմ ասել, մեզ ծրագրավորող պետք է, բայց մեր հիմնարկում չենք կարող տալ այն ռոճիկը, ինչ-որ կարող է ստանալ մասնավոր գործունեություն ծավալելիս»։
Հարցին, թե եթե մի քանի անգամ պարգևավճար չստանաք, կհրաժարվե՞ք պետական ծառայությունից, Ցոլակյանը պատասխանեց. «Չէ հա, պարգևավճարի համար եմ աշխատում, չհասկացա»։
Պատասխանելով իշխանությունների հասցեին հնչող քննադատություններին՝ ասաց. «Քննադատությունը միշտ էլ կա։ Այն կլինի Հանրապետականից, թե մեկ ուրիշ կուսակցությունից, այն քաղաքական պայքար է, թող քննադատեն, իշխանություններն էլ, թող աշխատանքով ապացուցեն, որ դա սխալ է»։
Լրագրողի դիտարկմանը, թե այս ընթացքում աղքատության կրճատման մասին որևէ բան չկա, նա պատասխանեց. «Աղքատությունը չի կարող այսքան կրճ ժամանակով կրճատվել։ Մի հատ ժողովրդական խոսք կա, ասում են՝ «աղքատն ինչքան ուզում է հարստանա, վրայից աղքատի հոտ է գալիս 10-20 տարի, հարուստը ինչքան աղքատանա՝ 10-20 տարի հարուստի հոտ է գալիս»։
Փրկարարների աշխատավարձերի հետ կապված Ցոլակյանը նշեց, որ քննարկումներ պետք է անցկացնի։
Հարակից հրապարակումներ`
- Խաժակյանը քաղաքապետին հիշեցրեց, որ դեռ պարգևատրվածների ցանկը չի հրապարակել
- Պարգևատրումը պետք է կապված լինի արդյունքային ցուցանիշների հետ. Արտակ Մանուկյան
- Ես նույնպես ստացել եմ պարգևավճար. Փոխվարչապետ
- «Իմ քայլը» կհայտնի իր դիրքորոշումը պարգևավճարների մասին. Ալեն Սիմոնյան
- Իսկ պայմանագրային զինծառայողները պարգևավճար չստացան
- Շուշան Դոյդոյանն անընդունելի է համարում պարգևատրումների ինֆորմացիան օրենքի անվան տակ թաքցնելը
- Այդպիսի պարգևատրումներ, այդպիսի մեծ թվեր չկան. Դավիթ Անանյան
- Փաշինյանն արդարացրեց իրենց պարգևավճար տված մարզպետներին