Փաշինյան. Բոլթոնի հետ զրույցում Հայաստան անունը շոշափվել է, Ադրբեջան անունը չի շոշափվել
«Ես ասել եմ, որ Բոլթոնի հետ ընդհանրապես մեր հեռախոսային խոսակցության ընթացքում Ղարաբաղի հարց չի քննարկվել, Ղարաբաղ կամ Արցախ անունը չի շոշափվել։ Հայաստան անունը շոշափվել է, Ադրբեջան անունը չի շոշափվել»,-լրագրողների հարցերին ի պատախան հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Լրագրողներից մեկը նկատեց՝ Բոլթոնի հետ քննարկման ի՞նչ օրակարգ կարող է ունենալ Հայաստանի վարչապետը, եթե ոչ ԼՂ հարցը։
«Գիտեք, ինչ, կարծում եմ՝ ցանկացած պրոֆեսիոնալ լրագրող, որ իմ գրառումը կարդա ամբողջ խոսակցության մասին կա։ Կա նաև Բոլթոնի թվիթերյան գրառումը։ Ճիշտ հասկացեք, ուղղակի կոռեկտ չի, որ ես ասեմ՝ այսպես ասեցի, նա այնպես ասաց։ Տեղեկատվությունն ամբողջությամբ փոխանցված է»,-ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի մասին տեղեկատվություն էր տարածել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։ Դրանից հետո նա խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, քննարկվել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ԱՄՆ աջակցության մասին» հարցը։
Անդրադառնալով Ալիևի հետ հանդիպմանը՝ Փաշինյանն ասաց, որ դրանք բանակցություններ չեն, այլ ոչ պաշտոնական հանդիպումներ, որոնց ընթացքում տեղի է ունենում ուղղակի մտքերի փոխանակում։
Հարցին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից կա՞ նախաձեռնություն բանակցությունները վերսկսելու վերաբերյալ, Փաշինյանը պատասխանեց, այդ հարցը գտնվում է արտաքին գործերի նախարարների քննարկման օրակարգում։
«Պարոն Ալիևի հետ մենք ասել ենք, որ մեր արտգործնախարարներն են այդ թեմայով աշխատում, իրենք կաշխատեն, մեզ համանախագահների հետ համատեղ ռեկոմենդացիա կներկայացնեն, մենք կորոշենք, թե ինչպես վարվել»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Բոլթոնը Ալիևի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը
- Ջոն Բոլթոնը թվիթերում մանրամասնել է Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցը
- Բոլթոն. ԱՄՆ չի ճանաչում Վենեսուելայում Մադուրոյի իշխանությունը