Արայիկ Հարությունյանը՝ դպրոցներում առարկաների վերանայման, հոգևորների ներկայության մասին
Կրթության և գիտության նախարարությունում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման վերանայման հարց չի քննարկվել: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Ես կարևորում եմ բոլոր հայագիտական առարկաները, պարզապես բոլոր հայագիտական առարկաները և մնացած բոլոր առարկաները վերանայվելու են: Առհասարակ ուսումնական բոլոր ծրագրերը վերանայվելու են և մինչև 2023 թվականն ունենալու ենք լրիվ նոր առարկայացանկ»,- հայտնեց նախարարը:
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ դպրոցներում ծանրաբեռվածության, ծրագրերի անհամապատասխանության, տարբեր առարկաներում նույնաբովանդակ նյութերի հետ կապված բողոքներ կան. «Նույն Եկեղեցու պատմության, Հայ ժողովրդի պատմության, Հայրենագիտության առարկաներում, ռազմագիտության, նույնիսկ՝ երգի դասագրքում, կրկնություններ կան։ Պետք է թեթևացնենք, ծնողներն ամենաշատը դրանից են բողոքում, որ իրենց երեխաները շատ ծանրաբեռնված են»:
Դիտարկմանը, թե դասագրքերից էլ բողոքներ կան, ԿԳ նախարարն ասաց, որ դա լրացուցիչ ֆինանսական ծախսեր կպահանջի պետությունից: Ըստ նրա՝ փետրվարի 1-ին դասագրքերի հետ կապված քննարկում է նախատեսվում. «Դասագրքերի ծանրության հետ կապված բողոքներ կան, և գուցե որոշում լինի դասագրքերը երկհատոր դարձնել, այսինքն՝ առաջին կիսամյակի համար լինի մեկ հատորը, երկրորդ կիսամյակում՝ երկրորդ հատորը»:
Արայիկ Հարությունյանը նաև անդրադարձավ դպրոցներից մեկում քահանայի հետ ունեցած միջադեպին: Ըստ հրապարակումների՝ Արարատի մարզի դպրոցներից մեկն այցելության ժամանակ ԿԳ նախարարն, այնտեղ տեսնելով քահանային, հարցրել էր, թե ինչ գործ ունի վերջինս դպրոցում։
«Այդ գյուղում, թե տարածքում կա Տեր Դավիթ քահանա: Այն ընթացքում, որ ես այնտեղ եմ եղել, հոգևորական է դպրոց եկել և ես տնօրենին հարցրել եմ, թե նա դպրոցում ինչ գործառույց ունի, տնօրենն էլ ասել է՝ նրան հրավիրում են դասղեկական ժամերին: Խոսակցությունը եղել է դասղեկական ժամերին նրա ներկայության մասին, որը մեծ խնդիր է: Դասղեկական ժամերը կազմակերպչական ծրագրեր իրականացնելու համար են և ոչ թե հոգևոր քարոզի համար»,-նշեց Արայիկ Հարությունյանը:
Հարցին՝ նա հոգևորականի հետ խոսե՞լ է, քանի որ վերջինս հայտնել է, որ նախարարն իրեն ասել է՝ ինչ է անում դպրոցում, այն աշխարհիկ կառույց է, նախարարը պատասխանեց. «Այո, ասել եմ, որ դպրոցը աշխարհիկ կառույց է, բայց Տեր Դավիթի հետ ձեռքսեղմումով ենք ավարտել մեր զրույցը: Առհասարակ կարող եք այդ քահանայի մասին մի քիչ տեղեկություններ հավաքել և տեսնել, թե նա ինչ տեսակ մարդ է»:
Նշենք, որ երեկ նախարարն ասել էր՝ այս թեմայի շուրջ կեղծ լուրեր տարածողները պատասխանատվության են ենթարկվելու, այսօր էլ Արայիկ Հարությունյանը նշեց, որ խոսքն այն հրապարակումների մասին է, որոնց վերաբերյալ դիմել է իրավաբաններին. «Եթե դրանց մեջ զրպարտություն կա, իսկ դրանց մեջ զրպարտություն կա, ապա համապատասխան ատյաններ կդիմենք»:
Դիտարկմանը, թե քահանաներն էլ սպասում են, որ պետք է նա ներողություն խնդրի, ԿԳ նախարարը նշեց՝ ինքն էլ սպասում է, որ ընդհանրապես այդ միջադեպի կամ խոսակցության հետ կապ չունեցող քահանաներն իրենք ներողություն խնդրեն, երեկ էլ Էջմիածնի համապատասխան ատյաններին փոխանցել է դա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան