Յամալում բնակվող հայ բժիշկը փրկել է վթարից տուժածին
Շուրջ երկու շաբաթ առաջ ՌԴ Յամալո-Նենեցական ինքնավար մարզի Նոյաբրսկ բնակավայրից ոչ հեռու ՃՏՊ է տեղի ունեցել: Բեռնատարը դուրս է եկել հանդիպակաց գոտի և մխրճվել ավտոցիստեռնի մեջ: Վերջինի վարորդը խցիկից թռել է:
mk-yamal.ru-ն գրում է, որ վթարի ականատես է եղել տեղի հիվանդանոցի գլխավոր բժիշկի տեղակալ Արսեն Հարությունյանցը. այդ պահին նա երեխաների հետ իր մեքենայով անցել է նույն ճանապարհով: Բժիշկն անմիջապես օգնության է հասել:
Հարությունյանցը տեղի թերթին պատմել է. «Մենք տեսանք տղամարդուն՝ պառկած ճանապարհին: Ոչ հեռու այլ վարորդներ էլ կանգնեցին: Մոտեցանք տուժածին: Առաջին հերթին հետազոտեցի նրան և համոզվեցի, որ գանգուղեղային վնասվածք չկա: Վնասվել էր ուսն ու ազդրը»:
Այնուհետև տուժածին ծածկել են, որ չմրսի և զանգել շտապօգնություն: Հայ բժիշկը տուժածին փոխանցել է շտապօգնությանը և հեռացել:
Բժշկի խոսքով, դեպքի հետ կապված իրեն նկատողություն է արել միայն փոքրիկ աղջիկը՝ կատակելով, թե իրեն ձուկ ցույց տալ էին խոստացել, բայց ցույց են տվել ավտովթար։
Արսեն Հարությունյանցն իր արածի մեջ որևէ արտառոց բան չի տեսնում, ասել է, որ դա աշխարհում յուրաքանչյուր մարդու քաղաքացիական պարտքն է։