Ռոբերտ Քոչարյանը ներկա է դատական նիստին. այն ընդմիջվեց
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր մասնակցում է իր նկատմամբ հարուցված քրեական գործով դատական նիստին։ Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ քննում է պաշտպանական խմբի ներկայացված վերաքննիչ բողոքը՝ խափանման միջոցի վերաբերյալ։
Ժամը 14-ին մեկնարկած նիստը քիչ առաջ տասը րոպեով ընդմիջվեց։ Փաստաբան Հայկ Ալումյանն ասաց՝ ներկայացրել են 55 էջից բաղկացած բողոքի գրեթե կեսը։
«Պարոն Քոչարյանը դեռևս որևէ հայտարարությամբ հանդես չի եկել, բացառությամբ այն, որ դատարանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն չունի»,-նիստից մանրամասներ փոխանցեց Ալումյանը։
Հարցին, թե ինչու ՀՀ երկրորդ նախագահը որոշեց ներկա գտնվել վերաքննիչ դատարանի նիստին, այն պարագայում, երբ ընդհանուր իրավասության դատարանում նիստին ներկա չէր, Ալումյանը պատասխանեց. «Մենք կանխատեսում էինք, որ առաջին ատյանի դատարանի դատավորը, անկախ բոլոր փաստարկներից, նյութերից, ապացույցներից, բոլոր պարագաներում օբյեկտիվ որոշում կայացնել չի կարող։ Թեև մենք ամեն ինչ արեցինք, բայց դատավարությունը ձևական էր։ Այդ պատճառով պարոն Քոչարյանին տեղեկացրեցինք նախապես և նա որոշեց չգալ առաջին ատյանի դատարանի դատավարությանը»։
Փաստաբանը հույս հայտնեց, որ վերաքննիչ դատարանը գործը կքննի օբյեկտիվ ու օբյեկտիվ որոշում կկայացնի։
«Այսօր բացառում եմ, որ գործի քննությունը ավարտվի, եթե այսօր բողոքը ներկայացնելուց հետո ժամանակ մնա, ապա հնարավոր է, որ պարոն Քոչարյանը խոսքով հանդես գա, եթե ժամանակ չմնա, ապա հնարավոր է՝ հաջորդ նիստին»,-ասաց Ալումյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան