Ընդլայնվում է բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների ծավալը և շահառուների քանակը
Բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների ծավալը և դրանցից օգտվող շահառուների քանակը ավելացնելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:
Նախատեսվում է փոփոխություն և լրացում կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, ըստ որի կկարգավորվեն առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում անվճար և արտոնյալ պայմաններով բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված անձանց նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայություններից օգտվելու հետ կապված հարաբերությունները:
Շահառուների ցանկի և ծառայությունների քանակի փոփոխությունները պայմանավորված են 2019 թ. պետբյուջեով «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացմամբ:
Ցանկում ներառված են հետևյալ խմբերում ընդգրկված անձինք՝ ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուները, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք, ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք, բռնադատվածները, Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցները, մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք, ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ: Մասնավորապես՝ առաջարկվում է պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններց օգտվող նպաստառուների անապահովության միավորը 36 բալից իջեցնել 30.01 բալ:
2019 թ. պետբյուջեով նախատեսվում է նաև ավելացնել առողջապահության նախարարության միջոցով իրականացվող ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման ծախսերը. առաջարկվում է անվճար բժշկական օգնություն մատուցել ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող բոլոր նպաստառուներին:
Որոշմամբ առաջարկվում է նաև 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, մինչև 7 տարեկան երեխաներին, մինչև 18 տարեկան սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված երեխաներին, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց ստոմատոլոգիական բուժօգնությունը կազմակերպել անվճար՝ ներկայումս գործող համավճարային սկզբունքի փոխարեն: Բացի այդ, առաջարկվում է ավելացնել նաև մատուցվող ծառայությունների հետևյալ տեսակները՝ մինչև 18 տարեկան երեխաների լորձաթաղանթի հիվանդությունների բուժում, 18 տարեկանից բարձր անձանց կարիեսի բուժում, լրիվ կամ մասնակի շարժական թիթեղային պրոթեզի վերանորոգում և պրոթեզավորման համար անհրաժեշտ ատամնաշապիկի պատրաստում ու տեղադրում (յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ):
Կառավարության նիստում նշվել է, որ ամբողջ փաթեթը մոտավորապես կազմում է 3 մլրդ դրամ: