Մետաքսյա ու թավշյա կարկատաններ՝ մաշված չթի վրա
Խոսել հացադուլից մահացածի մասին՝ շեշտադրելով չդատապարտված լինելու փաստը, պրագմատիզմի ակնհայտ դրսևորում է, եթե չասենք՝ ավելին։ Կարծես դատապարտված լինելը հացադուլից մահանալու ավելի ընդունելի տարբերակ է։
Հետևեք ձեր խոսքին, թե չէ նմանվում եք Արարատ Միրզոյանին, որ գրում է՝ «Սա պետություն է, ձեր ցավը տանեմ, ոչ թե որբի գլուխ»։
Ասում է աշխատավարձերի ու պարգևատրումների մասով, որոնք լավացնում են քաղծառայողների... չեմ հիշում՝ կամ աշխատանքի, կամ կյանքի որակը։
Ինչևէ։ Բոլոր դեպքերում՝ որբի հետ կապված չէ։ Միայն թե «որբի գլխի» մասին խոսքը անիմաստ փորձարկումների մասին է, ու այն, ինչ անում են այս անգամ էլ պաշտոն ստացածները, հենց դրան է նման։ Գնում են ԱԺ, թե բա՝ թողեք, թող սովորեն, գնում են կառավարություն՝ թե բա՝ թողեք թող փնտրեն։ Իսկ տարբերակ, որ գոնե հիմա կիրթը կամ գտածը աշխատի՝ նիխտ։
Կրկին չկա համակարգային-ամբողջական մոտեցում խնդիրների լուծմանը։ Այդ ամենը ծածկված է «հեղափոխություն» մշուշոտ բառով, որի տակ մտնում է ամեն ինչ՝ ինչ կա, ինչ ուզեն-անեն, ինչ կլինի, ինչ կստացվի, ... ։ «Հեղափոխություն»՝ որբի գլխի վրա։
Անհասկանալի ֆինանսական բաշխում՝ ՊԵԿ-ում, քաղաքապետարանում, մարզպետարաններում։ Ինչու անհասկանալի՞։ Որովհետև այդ բաշխումն ու թվերը չի ենթադրում երկրում ամբողջ իրավիճակի հետ համեմատում, գնահատում ու կարգավորում։ Մետաքսյա ու թավշյա կարկատաններ՝ մաշված չթի վրա։
Կամ՝ ԿԳ նախարարը գնում է «նույնիսկ հեռավոր գյուղ», ու այն ամենը, ինչ դուրս է բերում այնտեղից՝ քահանայի մասին խոսակցությունն է։ Ու նույնիսկ աղանդը պատճառ բռնել չեմ ուզում՝ ուղղակի տեսնում է խնդիրները, որոնք ակնհայտ են , բայց ընդունել դրանք, նշանակում է ընկնել գլխացավանքի մեջ... Ու այդ ժամանակ հենց դպրոց է մտնում քահանան։ Բա ինչպես դիմանա նախարարը ու ամբողջ հարցը չթեքի նրա վրա։ Մանավանդ՝ քանի ամիս քրտնաջան աշխատել են, որ դժգոհությունը հասնի սահմանային պիկին՝ Կաթողիկոսից, քահանաներից, Եկեղեցուց։
Ինչ է ուզում ԿԳՆ նախարարը, ինչ է պատրաստվում անել Երկրի Կրթության զարգացման, հիմնավորման, հասանելիության հետ կապված։ Ինչ է պատրաստվում անել Երկրի Գիտության հետ՝ ինչպիսի առաջնահերթություններ գծել զարգացման համար՝ ռազմակա՞ն, առողջապահակա՞ն, ուրի՞շ. թե ստանդարտ՝ ԱյԹի։
Իսկ խնդիրները չլուծողի համար մի բառ կա՝ օպտիմալացում։ Չես կարողանում աշխատեցնել նախարարությունները՝ փակի։ Ոչինչ, որ երկրի Մշակույթը պիտի դիտել որպես պատմության, արժեքների, նորի հաստատման հիմք։
Չէ, ինչու այդպես մտածել՝ ինչ կա՝ կա, ինչ էլ լինի՝ ճիշտ է։
Ոչինչ, որ Սփյուռքի նախարարությունը... այո, գուցե ի սկզբանե պետք չէր այն բացել, բայց... հիմա այն ընկալվում է որպես Սփյուռքի լինելն ու կարևորությունը ընդունելու ինստիտուտ, ու այն փակելը՝ համապատասխանաբար կընկալվի… հակառակը։
Հա՝ չես կարողանում լուծել գյուղական դպրոցների շենքային պայմանների հարցը, ուսուցիչների հարցը՝ փակի։ Թող գնան կողքի գյուղ, ինչ է եղել։ Մի 9-10 կմ չի՞։ Թող քայլեն, մեծանան, հեղափոխական կդառնան։
Չեք կարողանում երկրի ընդհանուր գյուղատնտեսության զարգացման նպատակն ու պոտեցիալը տեսնել, դրանք տեղայնացնել մարզերի վրա այնպես, որ ընդհանուր պատկերը շահի՞։ Հոգ չէ, կոկորդիլոս բերեք։ Համարյա ԱյԹիի պես բան է։
... Հա, ու ինչու շարունակել թվարկել։ Վաղը նոր օր կլինի ու... այսօրվանը կկրկնվի նորից։
Որովհետև մտքերում տիրում է պրագմատիզմը։
Հարակից հրապարակումներ`
- Գրավոր «լայվ»
- Ձուն է շուտ եղել, թե... կոկորդիլոսը
- Քայլած ունենալու նուրբ արվեստը
- «Կրթության» ենիչերիները
- Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
- Բաց նամակ ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին
- Ավելի բարեկարգ դպրոցներ
- Ատելությանը խոտորնակ
- Գյուղական դպրոցների մասին պատմությունների շարքն՝ առանց մեկնաբանության, «խոսող» լուսանկարներով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները