2018 թվականին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.8 %-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած 2018 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա հունվար-դեկտեմբերի համեմատ աճել է 5.8 տոկոսով։
Հիշեցնենք, որ 2017թ-ին ՏԱՑ-ը աճել էր 7.7 տոկոսով:
Ինչպես տեղեկանում ենք Կոմիտեից, 2018թ-ի դեկտեմբերին նախորդ ամսվա` նոյեմբերի համեմատ ՏԱՑ-ն աճել է 24.3 տոկոսով:
Այսպիսով, արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-դեկտեմբերին աճել է 4.3%-ով, նախորդ տարվա նոյեմբերի համեմատ՝ 12.5%-ով:
Ինչ վերաբերում է գյուղատնտեսության ոլորտին, ապա գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը 2018թ-ի հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 7.6%-ով, տարեկան կտրվածքով՝ 2%-ով, իսկ ամսական կտրվածքով՝ նոյեմբերի համեմատ, արձանագրվել է 22.1%-ի աճ:
Հունվար-դեկտեմբերին էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն ավելացել են 0.2%, շինարարության ոլորտում էլ գրանցվել է 4.5% -ի աճ:
Ինչ վերաբերում է առևտրաշրջանառության ծավալներին, ապա այստեղ 2018թ-ի հունվար-դեկտեմբերին գրանցվել է 8.7%-ի աճ, 2018թ-ի դեկտեմբերին 2017թ-ի դեկտեմբերի համեմատ՝ 4.8%-ի աճ, իսկ ամսական կտրվածքով՝ նոյեմբերի համեմատ 34.1%-ի աճ:
2018թ-ի հունվար-դեկտեմբերին 18.8%-ի աճ է գրանցվել ծառայությունների ոլորտում, նոյմբերի համեմատ էլ՝ 15.7%-ի աճ:
Սպառողական գներն էլ, ըստ վիճակագրության` հունվար-դեկտեմբերին աճել են 2.5%-ով, իսկ ամսական կտրվածքով՝ նոյեմբերի համեմատ գրանցվել է 1,5%-ի աճ:
Ըստ վիճակագրական կոմիտեի` 2018 թվականին Հայաստանը արտաքին աշխարհի հետ իրականացրել է 7 մլրդ 375.1 մլն ԱՄՆ դոլարի առևտուր, ինչը 2017 թվականի համեմատ աճել է 16.4%-ով: Հաշվետու ժամանակահատվածում արտաքին առևտրի ընդհանուր ծավալում արտահանումը կազմել է 2 մլրդ 411.9 մլն դոլար՝ 2017թ-ի համեմատ աճելով 7.8%-ով, իսկ ներմուծումը կազմել է 4 մլրդ 963.2 մլն դոլար՝ աճելով 21.1%-ով:
Հիշեցնենք, որ 2017 թ-ին 2016-ի համեմատ արտաքին առևտրաշրջանառությունն աճել էր 26.9%-ով:
Ինչ վերաբերում է աշխատավարձին, ապա Վիճկոմիտեի փոխանցմամբ, 2018թ-ի հունվար-դեկտեմբերին հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 3,8 %-ով, իսկ ամսական կտրվածքով՝ նոյեմբերի համեմատ աճել է 23.4%-ով: Պետական համակարգում միջին աշխատավարձն աճել է 1.6%` կազմելով է 147,3 հազար դրամ: Ինչ վերաբերում է մասնավոր հատվածին, ապա այստեղ աշխատավարձն աճել է 4%՝ հասնելով շուրջ 186 հազար դրամի: