Արթուր Ղազինյան. Իսաևի հետ Փաշինյանի հանդիպումը ոչ մի կերպ չի տեղավորվում քաղաքական կոռեկտության սահմաններում
Հունվարի 25-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպել էր «Նոր Ռուսաստան» հասարակական-քաղաքական շարժման ղեկար Նիկիտա Իսաևի հետ և պայմանավորվել ստեղծել նոր հայ-ռուսական դիսկուսիոն ակումբ:
Իրավաբական գիտությունների թեկնածու, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը, այսօր արձագանքելով այդ հանդիպմանը, նկատում է.
«Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ նշված անձը հանդիսանում է պրո-ադրբեջանական լոբբիստ և մշտապես աչքի է ընկել հակահայկական գործունեությամբ, հարկ է նշել, որ նա Ռուսաստանում ընկալվում է որպես ընդգծված լիբերալ հայացքներով կառավարելի ընդդիմություն:
Եթե Փաշինյանը հանդիպեր Իսաևի հետ մեկ տարի առաջ` որպես խորհրդարանական ընդդիմություն կամ որպես ընդդիմադիր լրագրող, ապա դեռ կարելի էր հասկանալ, բայց որպես Հայաստանի վարչապետ ոչ մի կերպ չի տեղավորվում ընդունված արարողակարգի և քաղաքական կոռեկտության սահմաններում:
Ռուսաստանի քաղաքական մշակույթին խորթ է դաշնակից պետությունների ղեկավարների կողմից ընդդիմության առաջնորդների հետ ցանկացած շփում, առավել ևս հանդիպում, հետևաբար Փաշինյանի կողմից Իսաևի հետ կայացած հանդիպումը առնվազն տարակուսանք կառաջացնի Ռուսաստանի քաղաքական ղեկավարության շրջանում:
Չգիտեմ ինչն է ստիպել Փաշինյանին հանդիպել այդ մարդուն, նրա ղեկավարած կազմակերպության անվանո՞ւմը, թե՞ նրա ընդդիմադիր լինելը։
Պետական գործիչը չպետք է իրեն թույլ տա առաջնորդվել անձնական նախապաշարմունքներով կամ գնա իր հոգեվիճակի պահանջմունքները բավարարելու ճանապարհով, և ցանկացած քայլ անելուց կամ միտք արտահայտելուց առաջ պետք է գնահատի այդ քայլի կամ մտքի համապատասխանությունը իր ղեկավարած պետության ազգային և պետական պետական շահի հետ, ինչպես նաև գիտակցի այդ շահի դոմինանտ բնույթն ու նշանակությունը ցանկացած այլ հույզերի և զգացմունքների նկատմամբ:
Ինչ որ մի բան, շատ կարևոր բան փչացել է մեր պետությունում . . .»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները