Քաղաքապետարանի «օպտիմալացումը»՝ ավելացման տեսքով
Մինչ կառավարությունը վերջնական որոշում կկայացնի նախարարությունների օպտիմալացման հետ կապված, այդ ընթացքում Երևանի քաղաքապետարանը որոշեց իր հաստիքներն ավելացնել ևս 25-ով, մինչդեռ ամիսներ առաջ խոսում էին օպտիմալացումից։
Պարզվում է՝ այս դեպքում օպտիմալացումը ոչ թե հաստիքների կրճատմանը, այլ ավելացմանն է վերաբերել։
Երկու օր առաջ քաղաքապետարանի ավագանու արտահերթ նիստում ընդունվեց «Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատակիցների թվաքանակը, Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը փոփոխությունների ենթարկելու» նախագիծը՝ 47 կողմ, 3 դեմ և 5 ձեռնպահ ձայներով:
Համաձայն նախագծի՝10 հաստիք ավելացան Անշարժ գույքի կառավարման վարչությունում, 15-ը՝ Վերահսկողության վարչությունում։
Հաստիքացուցակի ավելացման մասին քաղաքապետարանի ներկայացրած հիմնավորումից Panorama.am-ը տեղեկանում է, որ Վերահսկողության վարչությունում հաստիքների ավելացումը պայմանավորված է նրանով, ըստ ոլորտների արդյունավետ լիազորություններն իրականացնելու համար լրացուցիչ ռեսուրսների անհրաժեշտություն կա։
Իսկ Անշարժ գույքի կառավարման վարչությունում էլ հաստիքացուցակի ավելացումը հիմնավորված է այսպես. «Հասցեավորման գործընթացի կազմակերպումը նպատակահարմար չէ իրականացնել մրցույթի արդյունքում ծառայություններ ձեռք բերելու միջոցով, քանի որ այդ աշխատանքները հնարավոր է կազմակերպել առավել արդյունավետ՝ անշարժ գույքի կառավարման վարչության աշխատակիցների թվաքանակը համալրելու միջոցով: Հասցեի տրամադրման գործընթացը կանոնակարգելու և աշխատանքերն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով անհրաժեշտություն է առաջանում ստեղծել նոր՝ «Անշարժ գույքի համարակալման, հաշվառման և վերլուծության» բաժին՝ վարչությունը համալրելով թվով 10 աշխատակիցներով»։
Նշենք, որ այս նախագծին դեմ էին քվեարկել ավագանու «Լույս» խմբակցության անդամները։ Թե ինչու քաղաքապետարանն ի վերջո գնաց այսպիսի օպտմլացման, այն դեպքում երբ շատ էին խոսում հաստիքների ուռճացված լինելուց, Panorama.am-ը զրուցեց «Լույս»-ի ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ, ով, երևի թե, հաստիքացուցակները հնարավորինս կրճատվելու մասին ավագանու ամենաշատը բարձրաձայնած անդամն է։
«Դեռ հոկտեմբերին տեղի ունեցած նիստի ժամանակ ավագանու Ֆինանսավարկային հանձնաժողովը հաստիքացուցակները հաստատելիս աշխատակազմին եզրակացություն տվեց, որ այն անհրաժեշտ է օպտիմալացնել։ Եթե օպտիմալացման տակ համարում ենք, որ ուռճացված է հաստիքացուցակը, բնականաբար հասկանում ենք, որ պետք է կրճատվի, բայց հաստիքացուցակը մեծացավ։ Մենք հիմա ասում ենք, որ թերևս ավելացման հիմքերը օբյեկտիվ են, այսինքն քաղաքապետանի «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ն լուծարվել է, և դրա աշխատակազմը գալիս է Անշարժ գույքի կառավարման վարչությունում նույն աշխատանքը կատարելու, բայց միտումը անընդհատ ավելացնել ու չօպտիմալացնել, դրական չէ։ Մենք դեմ քվեարկեցինք՝ ակնկալելով, որ հաջորդ փոփոխությունը պետք է լինի իսկապես օպտիմալացումը»,- նշեց Խաժակյանը։
Հարցին, թե հաջորդ փոփոխությունը ե՞րբ է նախատեսվում, նա ասաց. «Հավանաբար փետրվար ամսվա վերջ կլինի նախնական տեսքը, ենթադրում եմ, որ դրանից հետո պետք է գա ավագանի»։
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես է ստացվում, որ հաստիքների ավելացմամբ, բյուջեի վրա որևէ ֆինանսական բեռ չի ավելանում, ավագանու անդամը պատասխանեց. «Հիմնավորման մեջ նշում են, որ ՓԲԸ-ն լուծարվել է ու գումարը կգնա աշխատավարձային մասին։ Բայց ավելացել են նաև Վերահսկողության վարչության աշխատակիցների թիվը, պետք է հստակ եզրակացություն լիներ, թե բյուջեում ինչպիսի փոփոխությունների է դա հանգեցնում։ Այ դա է, որ չկար և մենք արձանագրում ենք»։
Հարակից հրապարակումներ`
- Խաժակյանը քաղաքապետին հիշեցրեց, որ դեռ պարգևատրվածների ցանկը չի հրապարակել
- Ես խոսքից անցել եմ գործի. Հայկ Մարության
- Խաժակյան. Երևանի քաղաքապետն ավելի շատ տեղակալ ունի, քան վարչապետը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան