«Նաիրիտի» հարցը շատ զգայուն է. Տիգրան Խաչատրյան
«Նաիրիտի» հարցը շատ զգայուն է: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն՝ անդրադառնալով հարցին, թե պետությունը պատրա՞ստ է վերագործարկել «Նաիրիտ» գործարանը:
«Պետությունը պատրաստ է քննարկել տնտեսության զարգացման բոլոր նախաձեռնությունները միայն այն հիմքով, երբ որ դրանք իրատեսական են»,- հավելեց նա:
Նախարարը միաժամանակ նշեց, որ կառավարությունը «Նաիրիտը» վերագործարկելու հարցը կարող է քննարկել այն պայմաններում, երբ առկա է առարկայական, հստակ հաշվարկելի և գնահատելի ծրագիր: «Բայց մենք դեռևս այդ փուլում չենք»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե չինացի ներդրողներ են հայտնվել, Տիգրան Խաչատրյանն ասաց, որ ունեցել են քննարկումներ այն անձանց հետ, որոնք հանդես են գալիս այդ նախաձեռնությամբ. «Իրենք ունեն տեսակետներ, բայց դրանք շատ վաղ շրջանում են: Այսինքն՝ ասել, որ կա ներդրումային առաջարկ, մի քիչ ավելի շատ կլինի, քան հարցի կարգավիճակը ներկայում: Բայց այն քննարկումները, որոնք իրականացվում են, գտնվում են բավականաչափ մասնագիտական հարթության վրա: Այսինքն՝ խոսող կողմը այդ ծրագրի օգտին տիրապետում է և տեխնոլոգիական և կազմակերպական հստակ փորձառությանը»:
Նա նշեց, որ խոսքը չինացիների մասին չէ, միայն գիտի, որ չինացիները հետաքրքրություն ունեն, սակայն մանրամասներ նախարարությունում չեն քննարկվել։
Դիտարկմանը, թե հնարավոր է կասեցնել «Նաիրիտ»-ի սնանկության գործընթացը, Տիգրան Խաչատրյանն ասաց, որ սնանկության գործընթացն իրականացվում է օրենքով սահմանված կարգով, կան պարտատերեր. «Պետք է կասեցնել, թե ոչ, դատարանը պետք է որոշում կայացնի կողմերից մեկի նախաձեռնությամբ»: