Ցանկացած ներդրումային ծրագրի համար ժամանակ է պետք. նախարար
Ներդրումների մասին միշտ պետք է ավելի հավասարակշռված սպասումներ ունենալ: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն՝ պատասխանելով հարցին, թե խորհրդարանական ընտրություններից հետո սպասված ներդրումային բումը երբ կլինի:
Նրա խոսքով՝ ներդրումները կայունություն են սիրում, հիմա կա կայունություն, և կարծում է, որ առաջիկա ամիսներին նոր ծրագրերի առաջխաղացման հարցում դա շատ նպաստավոր է լինելու: Նա նաև նշեց, որ ցանկացած ներդրումային ծրագրի համար ժամանակ է պետք. «Այսինքն՝ ցանկացած ներդրումային առաջարկություն իր քննարկման պահից մինչև իրականացման ավարտն անցնում է որոշակի ճանապարհ»:
Տիգրան Խաչատրյանը նաև ասաց, որ կառավարության նիստերի օրակարգում մշտապես ներդրումային ծրագրեր են քննարկվում և աջակցություն ստանում: Այսպիսով, ըստ նախարարի, ամեն ինչ ճիշտ ընթացքի մեջ է, Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունն էլ մեծ է:
Հարցին՝ արդյոք տնտեսական հեղափոխությունը մեկնարկե՞լ է, թե՞ ոչ, նախարարը պատասխանեց. «Տնտեսական հեղափոխությունը մեկնարկել է այն պահից, երբ վարչապետը և կառավարությունը հաստատել և վերահաստատել են, որ այլևս բոլորն ազատ են իրենց գաղափարներն ու ծրագրերն իրագործելու հարցում: Եվ կառավարությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել, որ այդ ծրագրերն իրականացվեն անփախան ու անխոչընդոտ: Հեղափոխությունը չպետք է ավարտվի, պետք է շարունակվի և տա սպասելի արդյունքներ»: