Իրանագետը կարևորում է, որ Փաշինյանն Իրան մեկնի տիկնոջ հետ
Գերմանիայի Քյոլն քաղաքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ փետրվարի 27-ին պաշտոնական այցով մեկնելու է Իրանի Իսլամական Հանրապետություն։
Իրանագետ Վարդան Ոսկանյանը նշում է, որ նման այցը չափազանց կարևոր է երկու երկրների միջև հարաբերությունների վերընթաց կորագծում նկատված դադարն արագորեն լրացնելու հարցում։ Այդ պատճառով, ըստ նրա, այդ այցը պետք է լինի որակապես բոլորովին նոր մակարդակի, ինչին հասնելու համար, անհրաժեշտ են նախապատրաստական և տեղում իրականացվնելիք մի շարք քայլեր։
Վարդան Ոսկանյանը կարևորում է, որ հարևան երկիր վարչապետը մեկնի իր տիկնոջ հետ։
«Կասկած չկա, որ Իրանը յուրահատուկ երկրիր է, նույնիսկ՝ յուրահատուկ քաղաքակրթություն, միայն իրեն հատուկ չգրված ուղերձների և նշանաբանության լեզվով, ինչը կարելի է լավագույնս օգտագործել ոչ միայն խոսքային, այլ նաև առաջին հայացքից շատ պարզ թվացող գործողությունների տիրույթում։ Այս առումով հզոր նշանաբանական կարևորություն կարող է ունենալ ՀՀ վարչապետի այցին նրա տիկնոջ մասնակցությունը՝ հաշվի առնելով երկու կարևոր առանձնահատկություն։
Նախ՝ հակաիրանական տարբեր կենտրոններից քարոզչական հսկայական հոսքերի ապահովման միջոցով տասնամյակներ շարունակ ստեղծվել է, պատկերավոր ասած, «կնատյաց» Իրանի դիվական պատկեր, որն, ըստ էության, կեղծ է և միտումնավոր, ինչի հետևանքով երկրների ղեկավարները այս պետություն են այցելում, որպես կանոն, առանց առաջին տիկնանց ուղեկցության, ուստի այս առումով Հայաստանը կարող է դրական բացառություն լինել՝ խոսքային տիրույթից դուրս կարևոր բարեկամական ուղերձ փոխանցելով մեր հարևան երկիրին։
Երկրորդը՝ Իրանն ի մոտո ճանաչող որևէ մասնագետի համար գաղտնիք չէ, թե ինչպիսի, չեմ վախենա ասել, ահռելի ազդեցություն ունեն իրանցի կանայք իրենց ամուսինների որոշումների կայացման վրա, և այս համատեքստում Հայաստանի վարչապետի տիկնոջ կողմից անձնական մակարդակով կապերի հաստատումը իրանական քաղաքական վերնախավի այրերի տիկնանց հետ չափազանց հեռանկարային և ադյունավետ կարող է լինել մեր երկրի շահերի առաջխաղացման տեսանկյունից»,-գրել է նա։