«Հրապարակ». Ավետիք Էլոյանի ազատման պատճառը
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք օրեր առաջ գրել էինք, որ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանն ազատվելու է աշխատանքից, թեև նա հերքում էր։ Երեկ կառավարության նիստում այդ որոշումը կայացվեց: Էլոյանը նշանակվել էր հունիսին՝ հեղափոխությունից հետո: Երեկ նա ասել է, որ ազատման պատճառներն իրեն հայտնի չեն, ավելին՝ վստահեցրել է, որ մասնագիտական խնդիրներ չեն եղել իր և վերադասի միջև։
Մեր տեղեկություններով՝ նրա պաշտոնանկության պատճառն ամանորյա հանգիստն է եղել, ավելի ճիշտ՝ այն արտերկրում անցկացնելը։ Ինչպես ավելի վաղ գրել էինք, վարչապետը ներքին հրահանգ էր տվել կառավարության անդամներին՝ Ամանորն անցկացնել Հայաստանում։ Սակայն Էլոյանը մեկնել է ԱՄՆ՝ այնտեղ բնակվող իր ընտանիքի հետ անցկացնելու տոները։
Նա 2002-ից ԱՄՆ-ում է ապրում, աշխատում և Հայաստան էր վերադարձել նոր իշխանության հրավերով։ Էլոյանը հեղինակ է Չիկագոյում կառուցված բնակելի երկնաքերերի, Սան Ֆրանցիսկոյի Բրիջ և Լոս Անջելեսի Բեյ կամուրջների ու մի շարք այլ հայտնի կառույցների։ Էլոյանը ոչ միայն տոներն անցկացրել է ԱՄՆ-ում, այլև Ֆեյսբուքի իր էջում ակտիվ տեսանյութեր է տարածել տոնական հանգստից, ինչը Փաշինյանը, ասում են, չի ներել։
Ի դեպ, տևական ժամանակ է՝ տեղեկություններ կան, որ նույն պատճառով վարչապետը մտադիր է ազատել նաև արդարադատության երկու փոխնախարարներին՝ Արթուր Հովհաննիսյանին և Սուրեն Քրմոյանին․ գործընթացը թերևս սառեցվել է, քանի որ մամուլն այդ թեմայով աղմուկ բարձրացրեց։ Հունվարի 29-ին նույն պատճառով ազատվել է նաև Անշարժ գույքի պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է