Հայաստանը չպետք է դիտարկվի որպես փախստականներ մատակարարող երկիր. Փաշինյան
«ԵՄ ներկայացուցիչներն արդեն ասել են, որ պատրաստվում են ընդլայնել Հայաստանին տրամադրվող օժանդակության ծավալները, և այս առումով ակնհայտ է՝ ՀՀ-ԵՄ հարաբերություններում և ԵՄ երկրների հետ շատ լավ, գործընկերային մթնոլորտ է հաստատված»,- այս մասին այսօր Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԵՄ-ի կողմից Հայաստանի տրամադրվող աջակցության ծավալների ավելացման մասին հարցին:
Վարչապետը նաև նշեց, որ չի կարծում, թե այդ առումով Հայաստանը խոչընդոտներ կունենա, քանի որ երկրում ժողովրդավարական էական զարգացումներ են տեղի ունենում, և որևէ կասկած չկա, որ այդ զարգացումները կշարունակվեն՝ անկախ արտաքին աջակցությունից:
«Շատ կարևոր է , որ մեր առաջ չի դրվում աշխարհաքաղաքական առումով ընտրություն կատարելու խնդիր, ինչը նշանակում է, որ բարեփոխումները կիրականացվի առավել հաջողությամբ, առավել բարենպաստ միջավայրում: Մենք շատ ուղիղ և բաց հարաբերություններ ենք պահպանում և ԵԱՏՄ, և ԵՄ մեր գործընկերների հետ հարաբերություններում: Այնպես որ, կարծում եմ՝ գնդակը ՀՀ կառավարության դաշտում է և մենք պետք է կարողանանք առավել արդյունավետ իրականացնել բարեփոխումների մեր օրակարգը՝ վստահ լինելով, որ աջակցություն կունենանք ինչպես ԵՄ մեր գործընկերներից, այնպես էլ ԵԱՏՄ մեր գործընկերներից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով վիզաների ազատականացման հարցին՝ վարչապետը նշեց, որ նախ կարևոր է՝ Հայաստանը ավելի ու ավելի գրավիչ լինի սեփական քաղաքացիների համար: Ըստ նրա՝ 2018թ-ին, երկար տարիներ ի վեր Հայաստան վերադարձող քաղաքացվիների թիվը շատ ավելին է եղել, քան մեկնողներինը:
«Մեր երկրում պետք է ինստիտուցիոնալ այնպիսի բարեփոխումներ իրականացնենք, որ Հայաստանը չդիտարկվի որպես փախստականներ մատակարարող երկիր: Քննարկումների, բանակցությունների, հարաբերությունների զարգացման առումով հույս ունեմ առավել նպաստավոր պայմաններ կստեղծենք ԵՄ-ի հետ՝ վիզաների ազատականացման հարցում հաջողության հասնելու համար: Կարծում եմ՝ ժամանակն է, որ մտածենք այդ թեմայով բանակցությունները մեկնարկելու մասին»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան