Ստյոպա Սաֆարյան. Եթե իշխանությունը չընդունի քննադատությունները, կկորցնի հասարակության աջակցությունը
Քաղաքական գործընթացների դիզայնի հետ կապված իշխանության անփորձություն ու անհեռատեսություն կա։ Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով քաղաքական օրակարգի վերջին քննարկումներին։
«Այլ իրավիճակ կլինի, եթե օրինակ հիմնը փոխելու շուրջ դիսկուրս բացվի կառավարության՝ այսպես ասած համոզիչ ծրագիր ներկայացնելուց հետո, երբ տեսնես, իսկապես կառավարությունը լուրջ խնդիրներ ու ծրագրեր է դրել և դրա հետ միասին նաև նման քննարկում կա, բայց այլ բան է, երբ ռեալ ծրագրերի բացակայության պայմաններում խորհրդանշական բնույթի հարցեր են քննարկվում»,-կարծիք հայտնեց քաղաքագետը։
Ինստիտուտի հիմնադիրը նկատում է, որ իշխանափոխությունից հետո ավելի մեծ թվով մարդիկ են քննարկում քաղաքական անցուդարձը, այս պայմաններում իշխանության ներկայացուցիչները պետք է հասկանան, ինչը երբ ու որտեղ պետք է արվի։
«Դրանք քաղաքականության դասական հարցերն են, որովհետև դու կարող ես անել այսօր մի բան, որը ունենա մեկ այլ արդյունք ու ռեակցիա, իսկ նույն բանը վաղը անելով՝ ստանալ բացարձակապես այլ արդյունք ու արձագանք։ Այս կտրվածքով, քաղաքական գործընթացների դիզայնի առումով կա անհամակարգվածություն և անհեռատեսություն»,-նկատեց նա։
Հիմա Ստյոպա Սաֆարյանն անհամբեր սպասում է կառավարության ծրագրի ներկայացմանը, համարում է, որ դա ամենալուրջ քննարկման ենթակա հարցն է։ Իսկ մինչ այս, նրա խոսքով, լավ գործեր էլ են արվում, օրինակ, ծառայողական մեքենաների թիվն է կրճատվելու։
«Փողերը հետ բերելը իշխանության պարտականությունն է, որի հետ մեծ սպասումներ ու ակնակալիքներ են ձևավորվել։ Օրինակ, Արարատ Միրզոյանի վերարկուի հետ կապված հարցը տեխնիկական դետալ է, որն այս կամ այն կերպ չէր ընկալվելու, քանի որ նախորդ իշխանության օրոք ընդդիմությունը, որի մեջ էին այսօրվա իշխանության ներկայացուցիչները, այո, քննադատում էին, երբ պաշտոնյայի ոտքի տակ ստվարաթուղթ էր դրվում ծառատունկի ժամանակ, կամ երբ Եռաբլուրում մեքենաներ էին հավաքվում։ Հիմա մարդիկ էլ իշխանության ներկայացուցիչներին քննադատում են այն բանի համար, ինչի համար իրենք են քննադատել։ Եվ սա քաղաքական նորմալ պրոցես է»,-նշեց նա։
Ստյոպա Սաֆարյանը հիշեցնում է, որ իր ու քաղհասարակության մյուս ներկայացուցիչների քննադատության նպատակը իշխանության ֆունկցիան կատարելը չէ, այլ նրա գործը վերահսկելը, հակակշռելը, գործընկեր լինել այն հարցերում, որտեղ ընդհանուր օրակարգ կա։
«Մի բան ակնհայտ է, ներկա իշխանությունը եթե չընդունի քննադատությունները, խոսքը չի վերաբերում շահարկումներին, հաստատապես կկորցնի քաղհասարակության, ինչպես նաև հասարակության աջակցությունն ու վստահությունը։ Ցանկացած իշխանություն պետք է շնորհակալ լինի, որ հասարակությունն այդպես աչալուրջ հսկում է իրեն»,-ասաց նա։
Անդրադառնալով պնդմանը, թե պետական համակարգում «չոր» աշխատավարձով հնարավոր չէ ապրել, Սաֆարյանը նկատեց, որ բազմաթիվ մարդիկ ու ընտանիքներ այդ աշխատավարձով են հենց ապրում։
«Ինչ վերաբերում է ՊԵԿ նախագահին, ապա աշխատավարձի ու պարգևավճարի վեաբերյալ հնչեցված թվերը վերաբերում են անհամեստ ապրելուն։ Ում համար գրավիչ չէ պետական համակարգում աշխատանքը, նա չպետք է աշխատի։ Եթե այդ տրամաբանությամբ պետք է շարժվի կառավարությունը, ապա պետք է արտերկրից աշխարհահռչակ, պորֆեսիոնալ մասնագետներ հրավիրվեն ու սահմանվեն մեծ աշխատավարձեր։ Հիմա գնա՞նք այդ ճանապարհով, չեմ կարծում»,-կարծիք հայտնեց վերլուծաբանը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին