Կենդանաբանական այգուց վստահեցնում են՝ աշխատակիցներն ազատվել են մինչ այսօրվա ակցիան
Այսօր քաղաքապետարանի դիմաց Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցների բողոքի ցույցից հետո համացանցում լուրեր տարածվեցին, թե այգու մի քանի աշխատակիցներ հեռացվել են աշխատանքից։
Panorama.am-ը զրուցեց այգու Մարդկային ռեսուրսների կառավարիչ Ազնիվ Գրիգորյանի հետ՝ պարզելու՝ արդյո՞ք ակցիայից հետո աշխատակիցներ են հեռացվել։
Նա հայտնեց, որ այգու երկու ավագ խնամողները՝ Գևորգը և Գայանեն աշխատանքից ազատվել են դեռ երեկ, մինչև ցույցերին մասնակցելը։ Իսկ թե ինչով է պայմանավորված աշխատանքից ազատվելը, նա պարզաբանեց. «Դեռ հունվարի 30-ին բոլոր ավագ խնամողները և կենդանի խնամողները ծանուցում են ստացել իրենց աշխատանքի էական պայմանների, աշխատաժամանակի, հանգստի ռեժիմի, տրված արտոնությունների փոփոխման մասին։ Համաձայն այդ ծանուցման՝ ավագ խնամողները, այդ թվում և Գևորգն ու Գայանեն, ովքեր նախկինում աշխատում էին առավոտյան ժամը 9-ից 17-ը, պետք է աշխատեին առավոտյան 8։30-ից մինչև 12։30-ից, հետո երկրորդ հերթափոխով ժամը 15։30-ից մինչև ժամը 17:30, դրան գումարած իրենց հանգստյան օրվա նախորդ ամբողջ ցերեկը տանն են լինելու, իսկ գիշերը 22-ից մինչև առավոտ ժամը 9-ը լինելու են այգում։ Փղի ու գետաձիու խնամող Գևորգին տեղափոխելու էին սողունների բաժին, ոչ թունավոր օձերի ու ձկների խնամքն էր սովորելու, իսկ երկրորդ հերթափոխի ժամանակ լինելու է կերախոհանոցում, քանի որ նա կենդանաբուծություն էր սովորել և կարող էր մասնագիտական աճ ունենալ։ Մնացած բոլոր աշխատողները ստորագրեցին այս ծանուցումը, ասացին որ համաձայն են պայմաններին, իսկ Գևորգը և Գայանեն չեն համաձայնվել նոր պայմաններով աշխատելուն, չեն ստորագրել, հունվարի 31-ից նրանք ազատվել են աշխատանքից։
Մյուս ավագ աշխատողը՝ Արմանին, ծանուցումն ուղարկվել է փոստով, իսկ պատասխան դեռ նրանից չենք ստացել»։
Ազնիվ Գրիգորյանը նշեց, որ ավագ խնամողների այս փոփոխությունը կապված է նրանով, որ իրենք տիրապետեն ամբողջ խնամքի բաժնի աշխատանքներին։
«Չնա այդպիսի բան, որ ցույցի մասնակիցներին են միայն տեղափոխում։ Փոփոխությունները դեռևս սկսել ենք վեց ամիս առաջ՝ բոլոր ավագ խնամողների համար։ Աշխատաժամերի երկարաձգումը պայմանավորված է Կենդանաբանական այգու աշխատաժամանակով, փետրվարի 1-ից այգին բաց է լինելու մինչև ժամը 19-ը։ Նշեմ նաև, որ գիշերային հերթափոխի յուրաքանչյուր ժամի համար վարձատրվելու է աշխատողը»,- հավելեց այգու Մարդկային ռեսուրսների կառավարիչը։
Հարակից հրապարակումներ`
- Կենդանաբանական այգու տնօրենի հրաժարականի պահանջով՝ այս անգամ քաղաքապետարանի դիմաց
- Բողոքի ակցիա Երևանի կենդանաբանական այգու դիմաց
- Կենդանաբանական այգին անմիջապես պետք է փակվի, մինչև գտնեն մեղավորներին. Գրիգորյան
- Կենդանաբանական այգու աշխատակիցները պահանջում են տնօրենի հրաժարականը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին