ԵՄ-ի գործընկերները մեր առաջ աշխարհաքաղաքական ընտրության խնդիր չեն դնում. Փաշինյան
«Գերմանիան Հայաստանի կարևոր միջազգային գործընկերն է»,- այս մասին այսօր Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ Գերմանիան մեր երկրի թիվ մեկ առևտրային գործընկերն է Եվրամիության երկրների շարքում և երկրորդը աշխարհում:
«Այս փաստով արձանագրվում է այն առանձնահատուկ կարևորությունը, որն ունեն Հայաստանի և Գերմանիայի հարաբերությունները: Հիմա կարող ենք արձանագրել, որ մեր հարաբերությունները դինամիկ զարգացում են ստանում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Ըստ վարչապետի՝ այս ընթացքում կարևոր զարգացումներ են եղել Հայաստանում, և ինքը ուրախ է արձանագրել, որ ժողովրդավարությունն անշրջելի է Հայաստանում։ Նա նաև հայտնեց, որ Գերմանիան և Եվրամիությունը պատրաստակամ են աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում:
«Շատ կարևոր է ընդգծել, որ Եվրամիության մեր գործընկերները և առավել ևս Գերմանիան այս բարեփոխումների օրակարգի համատեքստում մեր առաջ չի դնում և չի դրել աշխարհաքաղաքական ընտրության խնդիր, ինչը նշանակում է, որ մեր բարեփոխումների օրակարգը իսկապես կարող է լիարժեք իրագործվել նաև Եվրամիության և հատկապես Գերմանիայի աջակցությամբ»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հայտնեց, որ Հայաստանում գերմանական կապիտալի ներգրավման կարևոր ծրագրեր են իրականացվում, և հույս ունեն, որ ներդրումային միջավայրի բարելավմանը զուգընթաց գերմանական ներդրումները Հայաստանում կավելանան:
Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ Գերմանիայի կանցլերի հետ խոսել են տարածաշրջանային իրավիճակի, միջազգային օրակարգի մասին:
«Մենք այդ հարցերի վերաբերյալ ունենք փոխադարձ ըմբռնում: Տարածաշրջանում կայունության, խաղաղության հարցերը կարևոր են, և դրանք պետք է լինեն բազմակողմ ջանքերի արդյունք Խոսել ենք նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացիկ իրավիճակի մասին: Արձանագրվել է, որ գործընթացը չի կարող տեղի ունենալ միակողմանիության տրամաբանության մեջ: Ես բավարարված եմ մեր քննարկումներից, բանակցություններից: Կարող ենք արձանագրել, որ Հայաստան-Գերմանիա հարաբերությունների հետագա զարգացման համար խոչընդոտներ չկան, կա հետաքրքրություն դրանց նոր թափ հաղորդելու համար»,- ընդգծեց վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան