Դվինցիները բացեցին ավտոճանապարհը՝ խոստման դիմաց
Արարատի մարզի Դվին համայնքի բնակիչները այսօր փակել էին Երևան-Մեղրի ավտոճանապարհի մի հատված՝ Դվին-Նորաշեն ավտոճանապարհը վերանորոգելու պահանջով։
Panorama.am-ը Դվին համայնքի ղեկավար Արծրուն Աբրահամյանի հետ զրույցում տեղեկացավ, որ ճանապարհն արդեն բացել են։
«Բնակիչները միքիչ թերահավատորեն են մոտենում հարցին, չեն հավատում, որ կվերանորոգեն այդ ճանապարհը, դրա համար էլ դիմել էին այդպիսի միջոցների»,- ասաց Աբրահամյանը։
Համայնքապետի ղեկավարի խոսքով՝ Դվին-Նորաշեն ավտոճանապարհը շատ վատ վիճակում է, գրեթե անանցանելի։
«Ճիշտ է՝ ամեն տարի այդ ճանապարհը խճապատել ենք, բայց դրանով հարց չի լուծվում, մի հատ անձրև է գալիս նորից նույն վատ վիճակն է լինում։ Ծրագրով նախատեսված էր, որ այս տարի պետք է ճանապարհը վերանորոգման աշխատանքներն այս տարի գարնանը պիտի սկսվեր, բայց քանի որ Համաշխարհային բանկը կիսատ ֆինանսավորում էր արել, «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ»-ը երկու գյուղ հանել էր վերանորոգումից՝ Դվինը և Այգեզարդը։ Բայց հիմա խոստացել են, որ ամենաուշը հունիս-հուլիս ամիսներին կվերանորոգվի ճանապարհը։ Մարզպետը եկավ և այսօր դա հայտնեց ժողովրդին։ Վաղն էլ պետք է Տրանսպորտի և կապի փոխնախարարը գա և տեսնի ճանապարհի վիճակը ու որոշեն ինչ են անում։ Ուղղակի ժողովուրդը մտավախություն ունի, որ էլի կհանվի ծրագրից»,- մանրամասնեց համայնքի ղեկավարը։
Լուսանկարը՝ Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից։