Շատ կցանկանայի, որ առանց այս ամենի միջով անցնելու վերաարժևորեի կյանքը. Էդգար Գյանջումյան
Այսօր քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է, և հենց այսօր Հայաստանում ու Արցախում մեկնարկում է «Վաղ և ճշգրիտ» տեղեկատվական արշավը։
«Եվրոպա Դոնա-Արմենա» կազմակերպության հիմնադիր տնօրեն Նվարդ Քոչարյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ Հայաստանում այս հիվանդության հետ կապված խնդիրները բավականին շատ են. «Բավականին տարածված է այս հիվանդությունը մեր երկրում»։
Ինչ վերաբերում է տեղեկատվական արշավին՝ Քոչարյանն ասաց, որ առաջին տարին չէ, որ անցկացվում է. «Որպես ՀԿ համագործակցում ենք և պացիենտների, և բժիշկների հետ։ Մեր արշավի շրջանակներում ողջ տարվա համար միջոցառումներ են նախատեսված։ Կլինի նաև խորհրդանշական միջոցառում՝ ծառատունկ Բուսաբանական այգում։ Հետագայում հստակ օրը կտեղեկացնենք, նախատեսվում է մարտի վերջ-ապրիլի սկիզբ։ Մարտի 8-ին կունենանք վարդագույնփուչիկների օր՝ Հյուսիսային պողոտայում (վարդագույնը կրծքագեղձի քաղցկեղի խորհրդանշական գույնն է)։ Սպորտային միջոցառումներ ևս կլինեն։ Համագործակցում ենք նաև մարզային կառույցների հետ և այցելություններ ողջ տարվա ընթացքում կլինեն մարզեր՝ սքրինինգային ծրագեր իրականացնելու նպատակով»։
Նա շեշտեց, որ այս բոլոր միջոցառումները մեկ նպատակ ունեն՝ որպեսզի մարդիկ հետևողական լինեն իրենց առողջությանը և անպայման այցելեն պրոֆիլակտիկ ստուգումների։
Հանդիպմանը ներկա էր նաև հիվանդությունը հաղթահարած կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանը, ում գլխավոր ուղերձը այսպիսին էր. «Փորձել հետևել առողջ ապրելակերպին, հրաժարվել վնասակար սովորություններից, սպորտով զբաղվել ու, ամենակարևորը, լավատես լինել, դրական աշխարհայաց ունենալ անպայման։ Երբ այս ամենը չկա, վտանգավոր նախադրյալներ են ստեղծվում այդ չարիքի համար։ Սրանք բժշկին ժամանակին դիմելու հետ հավասար պայմաններ են»։
Կոմպոզիտորի խոսքով՝ բժշկին ժամանակին դիմելու մշակույթ պետք է ստեղծվի:
«Շատ կցանկանայի, որ առանց այս ամենի միջով անցնելու վերաարժևորեի կյանքը։ Պետք չի շատ ազդվել նեգատիվից, պետք է պատնեշ դնել։ Իսկ քաղցկեղի դեմ պայքարում ամենաբարդ բանը հոգեբանության փոփոխությունն է։ Ամենակարևոր ու դժվարին բանը չկոտրվելն է, ինչն էլ օգնում է բուժման ընթացքին»,- ասաց Գյանջումյանը և հավելեց, որ անգամ բուժման տարիներին ինքը չի դադարել ստեղծագործել։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին