Փաշինյանի շարասյունը խախտում է երթևեկության կանոնները
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտաշարասյունը խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները։ Շարասյան մաս կազմող մի քանի մեքենա շրջադարձ են կատարում արգելված տեղով։
Հարակից խանութներից դատելով՝ խախտումը տեղի է ունեցել Երևանի ամենակենտրոնում, Հանրապետության հրապարակից քիչ այն կողմ Ամիրյան փողոցում։ Տեսանյութում նկատվող ամսաթվից երևում է, որ միջադեպը տեղի է ունեցել ոչ աշխատանքային օր ու ոչ աշխատանքային ժամի՝ կիրակի ժամը 21։01։
Նշենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ ու դուստրերի հետ լուսանկար էր հրապարակել ու գրել. «Այսօր ընտանիքով գնացինք Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն՝ «Ռեվիզորը» նայելու: Լավ ներկայացում էր»։
Թատրոնից Panorama.am-ը տեղեկացավ, որ ներկայացումը սկսել է ժամը 19-ին, տևողությունը 1 ժամ 30-40 րոպե է։ Ենթադրվում է՝ շարասյունը շտապում էր Փաշինյանին ու նրա ընտանիքի անդամներին տեղափոխելու։
Panorama.am-ը վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին մի քանի ժամ առաջ հարցեր էր ուղղել միջադեպի մանրամասների մասին՝ արդյոք խախտում կատարելու պահին Փաշինյանը մեքենաներից որևէ մեկում է եղել, նրա ցանկությա՞մբ է կատարվել խախտումը, եթե ոչ վարչապետը տեղյա՞կ է խախտման մասին, ի՞նչ քայլեր են հետևելու միջադեպին։
Հարցերի պատասխան դեռ չենք ստացել։
Ֆեյսբուք սոցիալական ցանցում մոտ 8 տասնյակ օգտատեր է կիսվել հրապարակված տեսանյութով։ Գրառում կատարածներն ու դրանց ներքո մեկնաբանություններ թողածները զարմացած են՝ «մետրո՞, հեծանի՞վ, հոծ գծե՞ր, համե՞ստ»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան