Դեսպանատունը հրապարակել է Կալուգայում վթարից տուժած հայերի անունները
Ռուսաստանի Կալուգայի մարզում ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների մեջ ազգությամբ հայ ՌԴ երկու քաղաքացի կա:
ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ վթարի հետևանքով տուժել են 2008թ. ծնված Մարիա Առաքելյանը և 1988թ. ծնված Սոնա Ադամյանը։ Նրանք գտնվում են Կալուգայի քաղաքային հիվանդանոցում:
«Մյուս տուժածների վերաբերյալ տեղեկությունները հստակեցվում են։ Դեսպանատունը մշտական կապի մեջ է ՌԴ համապատասխան մարմինների հետ»,-ասացին դեսպանությունից։
Հիշեցնենք, վթարը տեղի է ունեցել փետրվարի 3-ի առավոտյան՝ ժամը 9։22-ին: Ավտոբուսը, որում 48 մարդ է եղել, որից 33-ը երեխա, դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել: Վթարի հետևանքով զոհվել է 7, վիրավորվել՝ 32 մարդ: Զոհվածներից 3-ը երեխաներ են։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, երեխաները Սմոլենսկից Կալուգա էին ուղևորվում մասնակցելու պարային փառատոնին։
Թե որն է եղել վթարի պատճառն առայժմ հստակ չէ։ Այն տեխզննություն է անցել նախորդ տարվա դեկտեմբերին։ Վարորդի արյունը կենթարկվի լաբորատոր փորձաքննության՝ պարզելու դրանում թմրանյութի, ալկոհոլի առկայությունը։ Նշվում է, որ վարորդը նախկինում երկու անգամ վարչական պատասխանատվության է ենթարկված եղել։
Ուղևորների մեծ մասը ամրացրած են եղել անվտանգության գոտիները։ Հարուցվել է քրեական գործ՝ պահանջներին չհամապատասխանող ծառայություն մատուցելը, որն առաջացրել է երկու և ավելի անձանց մահվան հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն։