Հռոմի Պապը Էմիրություններում է
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը ժամանել է ԱՄԷ մայրաքաղաք Աբու-Դաբի։ Եվրանյուզի հաղորդմամբ, սա պատմության մեջ կաթոլիկ եկեղեցու առաջնորդի առաջին այցն է Արաբական թերակղզի, որի երկրներում մահմեդականությունը պաշտոնական կրոնի կարգավիճակ ունի։
Թերակղզու սուննիական միապետությունները, այդ թվում էմիրությունները, մասնակցում են Եմենում ընթացող պատերազմին, որը ծանրագույն հումանիտար ճգնաժամ է առաջացրել։ Այցի նախօրեին Պապը հիշեցրել է այդ մասին. «Ես կոչ եմ անում բոլոր ներքաշված կողմերին ու միջազգային հանրությանը հրատապ միջոցներ ձեռնարկել ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելու համար, երաշխավորել սննդամթերքի մատակարարումը և օգնություն ցուցաբերել բնակչությանը։ Խնդրում եմ բոլորին ջերմեռանդ աղոթել մեր եմենցի եղբայրների համար»։
Այսօր Պապը կմասնակցի միջկրոնական հանդիպմանը, որը կայանալու է երկրի հիմնադիր շեյխ Զաեդ Ալ Նահայյանի հուշահամալիրի մոտ։ Այնուհետև Ֆրանցիսկոսը կհանդիպի երկրի կաթոլիկ համայնքի հետ։ Փետրվարի 5-ին Սրբազան քահանայապետը պատարագ կմատուցի Աբու-Դաբիի Զաեդ սպորտ սիթի մարզահամալիրում։ Սպասվում է, որ արարողությանը կմասնակցի 135 հազար կաթոլիկ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան